8 November 2016

Իմ ու քո աշունը


Շշնջա քո աշնանային բանաստեղծությունը մարդկանց ականջներին:
Քո բանաստեղծությունը նման է աշնան. թախծոտ է` ինչպես դու և կախարդական` ինչպես ամեն մի հեռացող աշնան օր: 
Աշունը ծաղկելու եղանակ է, բայց այնքան թախծոտ է աշունը քեզ պես: Քո աշնան ամեն մի օրը դու ապրում ես թախիծի մեջ: Իսկ ես սիրում եմ մեր բոլոր եղանակները, մեր արևոտ օրերը: 
Մենք՝ ես ու դու, նայում ենք նույն դեղին-կանաչ տերևներին, բայց տեսնում ենք տարբեր բաներ: Տեսնես դու` քո աչքերը ինչ են տեսնում: Իսկ ես՞: Ես սիրում եմ մեր բոլոր դեղին-կանաչ, սև-սպիտակ եղանակները, բայց չեմ սիրում քո թախծոտ եղանակը, որտեղ դու անհետանում ես ու օտարանում քո աշնան հետ միասին: Աշնան օրերը անցնում են, գնում, բայց իմ աչքերը չեն խամրել, քանզի ընտելացել եմ մեր աշնանը, մեր անկանխատեսելի աշնանը: 
Մեր դեղնականաչ օրերը նման են աշնանային բանաստեղծության, որի տողերում մենք այդպես էլ չենք կարողանում գտնել մեզ: Գուցե դա է պատճառը, որ մարդիկ չեն լսում մեր բանաստեղծությունը կամ էլ չեն հասկանում: Մեր բանաստեղծությունը մի աշնանային առեղծված է՝ ոչ ոք չի կարողանում հասկանալ: Ով որ էլ հասկանում է, հեռանում է աշնան նման... 
Մի հուսահատվիր, ընկեր իմ, մենք կգտնենք նրան, ով կկարդա մեր բանաստեղծությունը, մեր աշունը, ու կհասկանա աշնանային ինձ ու քեզ: Արի փնտրենք, լա՞վ...

No comments:

Post a Comment