14 November 2016

Ցուրտ եղանակի տաք Դիլիջանը

Ուրբաթ առավոտյան, երբ բոլորն արդեն պատրաստ նստած էին, ես վերջինը շտապեցի երթուղային: Մի տեսակ անսովոր ու անորոշ էր ճանապարհը՝ Ժայռ չէր, Սևան չէր: Երևի սա հենց այն էր, ինչին երկար էինք սպաել: Նորություն էր, Դիլիջան էր: Մի փոքր երկար գնացինք, բայց այդ երկարությունն էլ իր պատճառներն ուներ: Հաճախ էինք կանգ առնում, քանի որ նորանոր վայրեր ու բազմաթիվ աչքեր կային, որոնք յուրովի այդ վայրերը դարձրեցին իրենցը: Դնելով կադրերի մեջ իրենց տրամադրությունն ու առանձնահատկությունները պահերն անմահացրեցինք ամենատարբեր կողմերից և բոլորն էլ հետաքրքիր են:
Դիլիջան հասնելուն պես, առաջնահերթ գնացինք այնտեղի ավագ դպրոցը: Դեռ դպրոց չմտած, մենք արդեն նկատել էինք սովորողների ոգևորվածությունը և սպասումը: Մենք շրջեցինք գրեթե ամբողջ դպրոցով և լսեցինք հետաքրքիր պատմություններ այդ դասասենյակների անվանումների հետ կապված: Սեբաստացիներիս համար ազգակրական պարերը դարձել են ասես Կրթահամալիրը ներկայացնելու ամենակարևոր կետերից մեկը, այդիսկ պատճառով մենք որոշեցինք նրանց ամենասիրելիներից՝ «Խամխամա» և «Շավալի» սովորեցնել, կարծում եմ ստացվեց: Հետո տեղի ունեցավ կլոր սեղան քննարկումը, որի ընթացքում մենք նրանց պատմեցինք մեր նախագծերի ու ամսագրերի մասին: Չեմ կարող չպատմել Պարզ լճի մասին, որն իմ կարծիքով ամենագեղեցիկն ու հեքիաթայինն էր այս ճամփորդության մեջ: Այնքան երջանիկ եմ, որ այս տարի կարողացա տեսնել ու զգալ Դիլիջանյան աշունը: Պարզ լիճ: Տերևներն ամբողջությամբ թափված են ջրի երեսին, և բադերն էլ ձուլվելով այդ գույներին, այլևս չեն նկատվում: Ներդաշնակությունն այնտեղ ուղղակի աննկարագրել էր: Իսկ այն պահին, երբ միայն լուսնի լույսն էր թողնում նկատել այդ հրաշքը, մենք նավակի մեջ նստած այնպես էինք ծիծաղում, ասես այլևս ոչինչ պետք չէր երջանիկ լինելու համար: Երեկոյան տարբեր խաղեր խաղացինք, շփվեցինք, ճանաչեցինք միմյանց, պարեցինք մութ սենյակում բարձր երաժշտության տակ...Այնքան հավես է, երբ մարդիկ կարողանում են անկեղծ ուրախանալ: Գնացինք նաև Գոշավանք, Գոշ լիճ: Հիանալու տեսարանները բազմաթիվ էին: Ցավոք Գոշ լիճ հասնելու համար պետք էր ոտքով բավականին երկար ճանապարհ անցնել, և ես չկարողացա մինչև վերջ գնալ, քանի որ վատառողջ էի, բայց դա ինձ այդքան էլ չտխրեցրեց: Խմբի մյուս անդամներին սպասելու ընթացքում ես արդեն հասցրել էի կապնվել այդ անտառի քարերց մեկի հետ, որը թույլ տվեց մեզ երեքիս նստել իր վրա և հանգստանալ: Վերջում ես նրան ասացի մինչ նոր հանդիպում և գնացի: Հուսամ մենք կրկին կհանդիպենք, բայց այդ անգամ ես այլևս չեմ նստի նրա վրա ու կգնամ մինչև վերջ: Գաղտնիքներով լի էր մեր այս ճամփորդությունը, ու հենց դա էլ դարձրեց այն ինքնատիպ ու ամենահիշվողներից մեկը: Ես ժպիտով կհիշեմ բոլոր, թե լավ պահերը, թե վատ, քանի որ դրանք մերն են, քանի որ անկեղծ են:  


No comments:

Post a Comment