Սիրում եմ խորհրդավոր լռությունը։ Այն իր մեջ ավելի իմաստալից խոսքեր է պարունակում, քան դատարկ զրույցները։
Չնայած լռությունը կարող է նաև խանգարել։ Լինում են դեպքեր, երբ մենք գիտենք ինչ ասել, սակայն վախենում ենք արձագանքներից՝ նախընտրելով լռել։ Ու որքան երկարում է այդ լռությունը, այդքան ավելի բարդ է լինում պատասխանելը։
Իրականում վախը մարդկային ամենամեծ հիմարությունն է։ Ինչպե՞ս կարելի է վախենալ ինչ-որ քայլեր անելուց, զրուցելուց, խոստովանելուց։ Դա է պատճառը, որ մենք շատ հաճախ պարտվում ենք։
Չնայած լռությունն այդ ամենից հզոր է։ Մենք ուղղակի պետք է նայենք իրար աչքերի մեջ, և դրանք կսկսեն մեր փոխարեն խոսել։ Իմաստ չկա փորձելու ամեն ինչ հասկանալ, այդպես ավելի հետաքրքիր կլինի։ Չէ՞ որ գաղտնիությունը միշտ էլ գրավում է բոլորին։
Ցավոք, շատ քչերն են ունակ լռելու։ Ինչպես ասել է Կոնֆուցիոսը. «Լռությունը իսկական ընկեր է, որը երբեք չի դավաճանում»: Միշտ էլ ավելի հեշտ է ճչալը, քան լսելն ու հասկանալը: Բանն այն է, որ հենց այդպիսի լռակյաց մարդիկ են ամենավտանգավորը։ Մենք երբեք չենք կարող մինչև վերջ պարզել, թե ինչ է թաքնված այդ լռության տակ։ Եվ անհայտությունը կարող է անգամ խելագարության հասցնել։
Ու երևի թե ոչ մեկն այսքան ժամանակ չի հասկացել՝ ինչպես օգտվել այդ լռությունից։ Եթե խոսելու ընթացքում մի բան հանգիստ չի տալիս, և դուք սկսում եք ընկնել մտածմունքների մեջ, արժե՞ ասել, թե պետք է լռել։ Խոսելով դուք կարող եք էլ ավելի նեղացնել։ Իսկ լռելով՝ ավելի մեղմ կերպով հասկացնել։
Բայց, եթե մի բան խեղդում է ձեզ ներսից, և դուք դա կուլ եք տալիս, ապա գնում եք սխալ ճանապարհով։ Պետք է խոսել, բարձրաձայնել և ազատվել բացասական էներգիաներից կամ էլ ընդհակառակը՝ դրականը կիսել մյուսների հետ։
No comments:
Post a Comment