12 November 2015

Ասում են, թե...


Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս։
Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սրտատենչ։
Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս։
Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս
Միշտ հիշել եմ այն բոլոր մանրուքները, որոնք ամենից շատն եմ փորձել մոռանալ։ Իսկ կարևորներն անգամ չեմ էլ նկատել։ Երբ ձգտում ես մոռանալ, կարծես քո կամքին հակառակ, սկսում ես էլ ավելի շատ հիշել։
Բանաստեղծը նույնիսկ բակի լորին է հիշում, որի քնքուշ բույրի մեջ գրկել է սիրած աղջկան։ Բայց ցավալին այն է, որ աղջիկն անգամ նրա անունն է հազիվ հիշում։ Միշտ էլ այդպես է լինում.  այն մարդիկ, ովքեր ամենակարևորներն են և առանց որոնց մեր կյանքը չէինք էլ կարող պատկերացնել, դառնում են ամենասովորականները, կարծես ոչինիչ էլ չի եղել։
Մենք  ապրում ենք կարոտով, սրտի մեջ պահելով այն կիզող կրակը, որ երբևէ մեզ ամենաշատն էր տաքացնում ու մինչև հիմա էլ տաքացնում է նույն ուժգնությամբ։ Բայց ցավալին այն է, որ այն մեկի համար այդ ջերմությունը բավական չէր, և նա նախընտրեց հեռանալ, թողնելով միայն  վառ հիշողություններ, որոնք ամեն անգամ հիշելիս բանաստեղծի սիրտը արյուն էր լալիս։
Մի վարվեք ուրիշի հետ այնպես , ինչպես չէիք ուզենա, որ ձեզ հետ վարվեին։ Չէ՞ որ կյանքը բումերանգ է, և ամենը վաղ թե ուշ կվերադառնա։ Անպայման կվերադառնա...

No comments:

Post a Comment