17 February 2016

Արկածների սկիզբը


Արդեն չորս օր է՝ ինչ վերադարձել ենք Ծաղկաձորից, բայց ես դեռ այնտեղ եմ։
Տրամադրությունս շարունակում է մնալ բարձր և ժպիտները չեն պակասում դեմքիցս, այլ ընդհակառակը կրկնապատկվում են՝ տեսնելով ծաղկաձորցի ընկերներիս։

Մեր երեսուն հոգանոց խումբը եկեղեցու կողքից շարժվեց Ծաղկաձոր։ Ամենքս մոռացել էինք մեր դարդերն ու համախմբած կատակում, երգում, նկարվում, երբեմն անգամ՝ պարում էինք ճանապարհին։ Թվում էր՝ այլևս ուժ չմնաց Ծաղկաձորի համար, բայց ամեն ինչ դեռ առջևում էր։

Եթե ինձ հարցնեն, ինչու՞ եմ այդքան սիրում սեբաստացիներիս, ես կասեմ. քանի որ ոչ թե խմբավորված, այլ  համախմված ենք, ինչպես՝  մեկ ընտանիք։ Երբ ճամփորդություն գնալիս ոչ թե երկուս-երկուս, այլ տասնհինգ-տասնհինգ էինք խոսում։

Բաժանվեցինք երեք հոգանոց խմբերի և գնացինք մեր սենյակներ։ Հետո հերթով այցելեցինք բոլորի սենյակներն ու բոլորին հավաքելով մտանք ճաշարան։ Քչից- շատից հաց կերանք։ Ճիշտ է՝ սեղաննները միացված չէին, բայց դա մեզ չէր խանգարում միմյանց լսելու, կատակելու համար։

Արդեն զինված տաք հագուստներով մենք պատրաստ էինք ծաղկաձորյան քամիներին։ Ցավոք, բոլոր ատրակցիոններն արդեն փակվել էին։ Մնացել էին միայն քարնացիկլները, որոնց վարորդներն ինձ այդքան էլ դուր չեկան։ Վախենում էի նստել, փորձել, իսկ վարորդներն ավելի էին կրկնապատկում դա ու ներշնչում հրաժարվել։ Բայց բախտս բերեց։ Վարելու ռիսկի դիմեց մեր սեբաստացիներից մեկը, ում ես թեև չէի ճանաչում, բայց նա կարողացավ վստահություն ներշնչել իմ մեջ։ Ամուր բռնվեցի ու սկսեցինք գնալ։ Մտածում էի, որ վախենալու ոչինչ չկա։ Մեկ էլ այնպես արագացավ։ Մարմինս չէի զգում՝ ամբողջը սառել էր, թվում էր՝ շուտով դուրս եմ թռչելու։ Իսկ մեջս հակառակը՝ ամեն ինչ եռում էր և սիրտս ուզում էր մարմնիս հետ միասին դուրս թռչել։ Վախը կամաց-կամաց սկսեց անհետանալ՝ վերածվելով հաճույքի։ Այլևս չէի ուզում մտածել ավարտի մասին, սակայն ճանապարհն այնքան կարճ էր։

Քիչ էր մնում մոռանայի ամենակարևորը՝ ընթրիքը, ծնունդը։ Վերցրեցինք ձայն հանող «փչելիքները», գլխարկներն ու տոնական տրամադրությամբ մտանք ճաշարան։ Մինչև այդ էլ, ճաշարանն էինք զարդարել փուչիկներով ու պաստառով։
-Ծնունդդ շնորհավոր, Ռո՜բ՝:
Երգեցինք անգամ չինարենով, քանի որ մեզ հետ էր Քելվինը։ Ի՜նչ ուրախ էր ՝ չեմ պատկերացնում այդ ճամփորդությունն առանց նրա։ Թեկուզ չէինք փայլում անգլերենից, բայց ոտքով, ձեռքով ամեն ինչ հասկացնում էինք։ Ու նա ուզած- չուզած արդեն հայերեն էր խոսում (Լուզինե ջան, Մակա, Մալինա, փող չկա)։ Ճիշտ է՝ կային տառեր, որ չէր կարողանում արտասանել։ Մենք էլ չինարենն էինք դժվարանում։ Բայց դա շատ զվարճալի  տանջանք էր։

Եկավ գիշերը. ոչ մեկ տրամադրված չէր քնել։ Հյուրանոցի միջանցքը դարձրել էինք մեզ համար մի մեծ հյուրասենյակ և ամբողջ գիշեր այնտեղ էինք։ Բազմաթիվ խաղեր խաղալուց հետո, կարծես մի փոքր հանգեցի։ Որոշեցի պառկել։ Բոլորը «հյուրասենյակում» էին, իսկ ես՝ «ննջասենյակում»։ Բայց մեկ ժամ չանցած՝ մեծ մասն արդեն մեր սենյակում էր։ Նորից բարձր ծիծաղ, երգեցողություն, պար: Ու ես այդպես էլ չքնեցի... Բայց նման դեպքեր հազվադեպ են լինում և ավելի լավ էր դիմավորել լուսաբացն ընկերների, քան թե բջջայինի հետ։

Ու հիմա ես հասկանում եմ պահի կարևորությունը, քանի որ այն դարձել է հիշողություն։ Օրերը, որոնք անցկացնում ես ուրիշ վայրում, երբեմն ավելի շատ բան են տալիս, քան կյանքի անփոփոխ տասը տարիները։ Այդ օրը շատ բան փոխեց իմ կյանքում։ Չէ՞ որ ասում են մարդուն լավ ճանաչելու համար պետք է նրա հետ ճամփորդության գնաս։ Մի փոքր տխրում եմ, որ այլևս չեմ կարող ետ բերել այդ օրը, բայց նայելով նկարներին, կրկին ժպիտ է հայտնվում երեսիս, քանի որ գիտեմ, որ սա մեր արկածների սկիզբն է։

No comments:

Post a Comment