Եկավ մեր չսպասված աշունը, էլի վազվզոցներ, հոգնածություն, քնկոտություն։ Բայց դրա հետ մեկ տեղ նաև հաճույք։ Չգիտեմ ինչ է պատահել, բայց այս ամենը սկսել է հաճույք պատճառել։ Ինձ դուր է գալիս լինել ծանրաբեռնված, բայց դրա հետ մեկտեղ ամեն ինչ հասցնել։ Հաճելի է տեսնել, որ հասել եմ ինչ-որ մի բանի, որ զուր չէին բոլոր ջանքերս։
Վերջ, այլևս չկա այդ նյարդայնությունը դեպի սեպտեմբեր, դեպի դասեր։ Եթե մի բան հաճույքով ես անում, ապա ամեն ինչ էլ կստացվի։ Ու մենք միշտ էլ ժամանակ կգտնենք այն ամենի համար, ինչ իսկապես ուզում ենք անել։ Կարևորը նպատակ ունենալն է: Իմ ամենագլխավոր նպատակը սովորելն է։ Ու լավ է, որ գրեթե ոչ մի խանգարող հանգամանք չկա, շատ բան է հաղթահարվել,մնացել է միայն շատ քիչ ծուլություն, որն էլ կամաց-կամաց անհետանում է։
Արդեն տեսնում եմ այն լույսը, որն առաջ չէի տեսնում։ Մի դեղնակարմիր լույս, որը ջերմացնում է ինձ ներսից ու ստիպում ամեն ինչին լավ վերաբերվել, նայել բարի աչքերով։
Ճիշտ է, երբեմն բարությունն ինձ խանգարում է մարդկանց նկատմամբ լինել արդար, բայց ես գիտեմ, որ այդ լավությունը մի օր կվերադառնա։ Դա ամենահաճելին է, երբ լավին չես սպասում, բայց նա վերցնում ու կատարվում է։ Իսկ հիմա պետք է դիմադրել, ոչ թե սպասել։ Ես հավատում եմ, ուրեմն այդպես էլ կլինի, հնարավոր է, ավելի լավ կլինի, քան մտածում եմ։
No comments:
Post a Comment