20 September 2015

Անդունդի միջից թպրտացող լույսը

Մութ էր, բայց լույսի մի փոքր մասունք կար, որն անընդհատ փորձում էր դուրս գալ անդունդի միջից։

Լույսի թպրտոցը գնալով ուժեղացավ, ձեռքերս դողում էին, սիրտս ուզում էր դուրս թռչել, իսկ ուղեղս կարծես չէր մտածում։ Ոչինչ ինձ չէր անհանգստացնում այդ պահին։ Կարծես ամեն ինչ կուրացել էր այդ ուժեղ լույսից ու անհետացել։ Ես սկսեցի ժպտալ այնքա՜ն հանկարծակի, այնքա՜ն բնական ու այնքա՜ն սիրուն, որ անհնար էր թաքցնել։ Եթե ես չժպտայի, աչքերս միևնույն է կփայլեին։ Թեկուզ այն մարդը, ով միշտ անտանելի է եղել ինձ համար, այսօր այնքան բարի, այնքան գեղեցիկ թվաց։ Բոլորը աչքիս դարձել էին ավելի լավը։ Մի՞թե դա այդպես էր, թե՞ իմ մեջ եղած լույսից էր։
Ես  ուզում եմ, որ բոլորդ դուրս հանեք ձեր միջից  լույսը և լուսավորեք շրջակա աշխարհը։
Ինչքան քիչ բան է պետք ուրախ լինելու համար․ միայն մեկ մարդ, մեկ հանդիպում և մեկ հայացք։ Այն, ինչին դու սպասում ես այդքան երկար և ինչը վերջապես կատարվում է, անհնար է ուրախ չլինելը։
Ու ես ուրախ եմ․․․Ես գտել եմ իմ միջի լույսը։

No comments:

Post a Comment