7 March 2016

Մեզանից մեկն այստեղ չէ

Չգիտեմ՝  ես արդյոք դեռ կա՞մ քո մտքերում, ապրու՞մ եմ դեռ այն նեղ ու փոքր անկյունում, որտեղ ստիպված էիր լինում կանգնել, երբ պատժում էին քեզ: Բայց դու հասուն ես արդեն․․․

Իսկ դու վստահ եղիր, որ ամեն օր վերածնվում ես իմ մտքերում՝ ամեն անգամ ավելի ու ավելի հիացնելով քո այն տաղանդով, թե ինչպես ես կարողանում պայքարել սեփական սրտիդ դեմ։
Ուզում է ճչամ, ուզում է պայթեմ, ուզում է լամ, մեկ է՝ չես լսի, չես նկատի։ Քանի որ դու կարող ես հասկանալ իմ ժպիտն այնպես, ինչպես կուզես, չէ՞ որ այն քեզ համար միշտ էլ անհասկանալի է եղել։ Դու չգիտես, թե ինչ կա դրա տակ թաքնված, բայց ինչ էլ որ լինի,  այն միշտ հայտնվում է, երբ գտնում է քեզ։
Ու կրկին կորցրեցի․․․
Ցավոք, կորցրածս միշտ էլ ավելի շատ է եղել, քան գտածս, ես գտել եմ՝ կորցնելով։ Գտել եմ այն գեղեցիկը, որը ոչ բոլորը կարող էին տեսնել։ Որը նման էր փոքրիկ երեխայի՝ զանգը տվեց ու փախավ։
Արդեն սովորական է դարձել. ամեն անգամ, երբ չէի հասնցում դռնակս բացել, իմ մեջ ինչ-որ բան էի սպանում։ Ու դժվար էր, երբ փորձում էի նորից մաս առ մաս վերականգնել ինձ, բայց չկար ուղղություն ցույց տվող գրքույկը ու չգիտեի, թե որտեղ են ամենակարևոր մասերը։
Այդպես էլ մնացի անորոշության մեջ, չիմանալով՝  որն էլ լավ ՝ խաբված մնալ, թե անհետանալ։ Ու այդպես էլ չհամընկան սլաքները մեր։ Ես սիրեցի, ինձ էլ սիրեցին, բայց ժամանակները չսիրեցին մեզ, այն դեպքում, երբ նույնիսկ չաշխատող ժամացույցն օրը երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս։

No comments:

Post a Comment