13 March 2016

Օվկիանոսի հատակին

Մարդիկ այնքան վստահ են վիրավորում՝ մեկ րոպե անգամ չմտածելով դրանից առաջ: Բայց եթե իմանային, թե այդ մի խոսքն ինչքան խորը վերք կարող է պատճառել դիմացինին, գուցե սկսեին մտածել: Երբ ասողն արդեն չի էլ հիշում, բայց հասցրած է լինում ամբողջովին փոխել դիմացինի կյանքը: Քանի որ որքան էլ ցավոտ լինի՝ հաճախ դիմացինի կարծիքը ձեր մասին դառնում է հենց ձեր սեփականը:
Ի՞նչ է նշանակում նա տգեղ է, լավ չի հագնվում, անճաշակ է հետևաբար՝ ես նրան չեմ սիրում:
Իսկ դուք երբևէ՞ մտածում եք նման բաներ ասելուց առաջ:
Ի՞նչ է նշանակում տգեղ՝ մեծ քիթ, բարակ շրթունքներ, շատ գեր կամ նիհար, ոչ այնքան խնամված վարսերով, մուգ մաշկով, մի քիչ մոդայից դուրս հագնված մարդ: Իսկ գեղեցիկն էլ երևի փոքր քթով, նկարած ունքերով, հաստ շրթունքներով, երկար՝ հարդարած մազերով, բրենդային հագնվածն է չէ՞: Ով ձեր աչքին միանգամից լավն է երևում չէ՞, նրան հաստատ կսիրեք: Իսկ եթե հենց այդ նույն մարդը, ավելի կոնկրետ՝ աղջիկը սկսի ժարգոնով խոսել, ձեզ ձեռք առնել, ծիծաղել այնպիսի բաների վրա, որոնք իրականում լացելու են, նա կրկին կլինի գեղեցի՞կ: 
Երբ մարդու մեջ բացակայում է ներքին իմաստը, ես չեմ կարող ասել, որ նա գեղեցիկ է: Թանգարանում դրված քանդակներն անգամ, որոնցով ուղղակի կանգնած հիանում ես, ունեն իրենց ներքին իմաստը: Բայց այ մարդյանց մեջ, ոչ բոլոր արտաքնապես գեղեցիկներն ունեն ներքին իմաստ, նրանց մեծ մասը դատարկություն է։ Ու դու չես կարող երկար հիանալ իրենցով՝ շատ շուտ կձանձրանաս, երբ թանգարանում կարող ես ժամերով մնալ:
Մեր ցավը հենց դրանում է կայանում, որ խախտված է մարդկային ներդաշնակությունն ու  գերակշռում է ձևը: Երբ մենք չենք ցանկանում հասկանալ ներքին իմաստը և բավարարվում ենք միայն հեշտով՝ արտաքին շերտով կամ պարզապես վախենում ենք փորձել: Վախենում ենք խորտակվել այդ խորը օվկիանոսի մեջ: Երբ մոռանում ենք ամենակարևորը, որ հենց ամենախորը ընդերքում են գտնվում օվկիանոսի մոռացված երբեմնի հրաշալիքները: Որոնք հնարավոր է հենց մեր ձեռքով էլ կրկին բարձրանան ջրի երես:  

No comments:

Post a Comment