20 September 2016

Ներքին անկախություն

Հաճախ անկախությունն ու ազատությունը համեմատում են միմյանց հետ, անգամ նույնացնում։

 Սկզբում ես նույնպես չէի հասկանում դրանց տարբերությունը, բայց իրականում դրանք այնքան տարբեր բաներ են։ Լինել անկախ՝ ինձ համար նշանակում է ոչ մեկից կախում չունենալ, լինել ամբողջովին ինքնուրույն և բոլոր հարցերում հույսդ դնել միայն քեզ վրա։ 
Գիտե՞ք` երկրի հարցում էլ նույնն է, չէ՞ որ երկիրը անհատների ամբողջությունն է։ Անկախ երկիրը նույնպես հույսը պետք է դնի միայն իր վրա և կախվածություն չունենա ոչ մեկից։ Ցավոք, մեզանից յուրաքաչյուրն էլ երկմտում է այդ հարցի շուրջ և իր հոգու խորքում գիտակցում , որ դա այդքան էլ այդպես չէ, և մենք լավ էլ կախում ունենք նրանցից, ովքեր դրսում են։ Բայց նախքան անկախ դառնալը, մարդը պետք է լինի ազատ։ Կարողանա դուրս գալ բոլոր կաղապարներից և անտեսելով մյուսների կարծիքը` ձգտի հասնել իր ուզածին: Պետք է չվախենա և վստահ լինի իր ուժերին, որպեսզի անի այդ ամենը։ Չէ՞ որ ազատ լինելու համար նույնպես խիզախություն է հարկավոր։ Ամեն ինչ սկսվում է մանրուքներից, որոնք շղթայվելով դառնում են մի մեծ բան, որը կոչվում է անկախություն։ Գուցե  և երկիրը կոչվում է անկախ, բայց չկա այդ ներքին անկախությունը, քանի որ մենք չենք հավատում...ինքներս մեզ։ Իսկ ինքնավստահ դառնալու ամենակարևոր կետերից մեկը, ինձ համար, այն է, որ մարդ զբաղվի նրանով, ինչն իրեն իսկապես դուր է գալիս, ոչ թե նրանով, ինչ պետք է, կամ ինչ մյուսներն են պահանջում, քանի որ ժամանակին չեն արել, որովհետև նրանց նույնպես կոտրել են։ 
Առաջ տարեք ձեր նախասիրությունները և վստահ եղեք ձեր ընտրության և երազանքների վրա։ Այն ամենը, ինչ արվում է սիրով, երբեք չի կարող անտեսված լինել։

Շատ ճամփորդեք, հավատացեք, վայրի պայմաններում գոյատևելն այնքան վստահություն է ներշնչում մարդուն։ Երբ քեզ թվում էր, որ բարձդ անհարմար է և այդ պատճառով չի ստացվում քնել, ապա ճամբարում դու անգամ բարձ չունես և ամբողջ խնդիրը հենց քո մեջ է։ Դու սկսում ես գնահատել քեզ, քո հնարավորությունները, թե ինչերի միջով կարող ես անցնել, ինչպիսի բարձունքներ կարող ես հաղթահարել։ 
Եվ, երբ կանգնած ես սարի գագաթին, քեզ համար այնքան մեկ է, թե ինչ կասեն մյուսները։  Երևի հենց այդ ժամանակ է մարդ լցվում ինքնավստահությամբ։ 
Պարզապես պետք է շտապել, քանի որ կյանքում ամենասարսափելին չհասցնելն է։


No comments:

Post a Comment