15 October 2015

Ինձ միշտ հետաքրքրել են ուրիշի մտքերը

«Միտքը և կիրքը գոյություն ունեն համատեղ: Հնարավոր չէ, որ մարդն հավատա, որ ինքը հրեշտակ է կամ կենդանի:
Ճիշտն այն է,  որ նա հասկանա, որ այդ երկուսն էլ կան իր մեջ:
Մարդն ունի երջանկության հասկացողությունը, բայց հասնել դրան, նա չի կարող: Մարդը զգում է ճշմարտությունը, ավելի ճիշտ, դրա կերպարանքը, բայց սուտն է տիրում: Ուրեմն` ի՞նչ: Սովորենք մտածել և լավ մտածել»: 
Գրիգոր Գուրզադյան
Ինձ միշտ հետաքրքրել են ուրիշի մտքերը․․․
Ի՞նչ են մտածում փոքրերը, տարեցները, իմ հասակակիցները։ Միգուցե ես սխա՞լ կարծիք ունեմ նրանց մասին։ Եվ հնարավոր է՝  նրանց մտքերը շատ ավելի խորն ու կարևոր են, քան ես մտածում եմ։ Կամ էլ հակառակը. կապրեմ մի մեծ հիասթափություն` լսելով դրանց պարզունակությունը։ Շատ կարևոր է իմանալ, թե, իրոք, ինչով է տարված մարդու ուղեղը։
Մտածել սովորելը բարդ արվեստ է։ Դու պետք է հետևես քո մտքերին։ Երբ մտքիդ միայն վատն է գալիս, ինքդ քեզ ասա՝  վերջ։ Չէ՞ որ այն պետք է զբաղված լինի գեղեցիկի մասին մտածելով։ Վատն այնքան շատ է այս աշխարհում, որ դու առանց մտածելու էլ կհամոզվես: Կարևորը վատի մեջ գեղեցիկը նկատելն է։
Մտքերը հայտնվում են ապրելու ժամանակ։ Յուրաքանչյուր հանգամանք ազդում է մեր մտածելակերպի վրա, այդ իսկ պատճառով ամենքիս մտքերն էլ տարբեր են։ Բայց դրա հետ մեկտեղ մենք ինքներս կարող ենք ազդել մեր մտածելակերպի վրա՝  վատ մարդկանց թույլ չտալով մեր ուղեղը լցնել նախանձով և չարությամբ։
Շատ կարդալ, շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնցից կարող ես մի նոր բան սովորել, երաժշտություն լսել, նկարել, նվագել. լավ մտածելուն սրանք են օգնում։ Պետք է լինել այնքան ծանրաբեռնված, որ ժամանակ էլ չունենանք ուղեղներս հիմար մտքերով լցնելու։ Միայն պարապ մարդու ուղեղն է լցված չար մտքերով։ 
Համոզված եղեք, որ դուք կարող եք դառնալ ավելի լավը՝  լավ մտածելու շնորհիվ։ Միտքը շատ մեծ տեղ ունի մեր կյանքում։ Չէ՞ որ մեր կյանքի մեծ մասը մենք անցկացնում ենք լուռ մտածելով․․․
Կյանքը կարճ է, բայց գեղեցիկ, կարծես հեքիաթ լինի, որտեղ և՛ չար, և՛ բարի հերոսներ կան։  Կարևորը՝  չհայտնվել վատ հերոսների կողքին և ժամանակը չծախսել վատ մտքերի վրա։ Պետք է դառնալ այդ հեքիաթի բարի հերոսը, քանի որ բարին միշտ էլ հաղթում է։ 
Դու կհաղթես, երբ քո միտքը դառնա լավը։

No comments:

Post a Comment