4 February 2016

Խենթ չենք, պարզապես դուրս ենք կաղապարներից

Պարելով կրթահամալիրի մուտքի մոտ՝ ոգեշնչված գնացինք հայոց լեզվի օլիմպիադային։ Արդեն ուշանում էինք, երբ պարզվեց, որ կանաչ տետրը որպես սևագիր պարտադիր է։ Ժամանակ չկար խանութ մտնելու։
Սպիտակ պատեր, սալիկապատված հատակ և գիտությանը վերաբերող լուրջ պաստառներ։ Մեզ ուղեկցեցին վերև, որից մոտ 20 րոպե հետո բաժանեցին ըստ սենյակների:
Անկախ ինձանից լարվում էի՝ զգալով կողքիններիս զգաստությունն ու վախը։ Չեմ էլ հասկանում՝ ինչն  էր նրանց ավելի վախեցնում.օլիմպիադան, թե՞ շուբաները վրանները գցած «խիստ» ուսուցիչները։ Իսկ ես չէի վախենում։ Որովհետև կրթահամալիրում  դասավանդողները նույնպես մեր ընկերներն են։ Իսկ նրանք պարզապես օտարներ էին։
Այդ ամենը նմանվեց մի մեծ արարողության, որը չես համեմատի մեր մաթեմատիկայի օլիմպիադայի հետ։ Ինչքա՜ն թեթև ու ինչքա՜ն հանգիստ։ Ու կապ չուներ սևագիրդ շագանակագույն է թե կանաչ։ Անգամ պայուսակներն ու բջջայիններն էին հավաքել։ Ախր, ես ինչպե՞ս առանց մուսայիս երկրորդ կեսի՝ երաժշտության, գրեի այդ շարադրությունը։
Մոտ մեկ ժամ սպասելուց հետո վերջապես բերեցին թեստերը, բոլորը զգաստ՝ կարծես վարժեցված ոտքի կանգնեցին։ Բայց ես արդեն ետ էի սովորել դրան։ Քանի որ դրականին ու լավին միշտ էլ ավելի հեշտ ես հարմարվում: Ինչու՞ չէր կարելի ուղղակի ասել բարև ձեզ՝ շփումը դարձնելով ավելի անմիջական։ Իսկ հետո խփեց զանգը ու ես այդ պահին վեր թռա տեղիցս։ Այն գրելու ընթացքում խփեց մոտավորապես 4 անգամ,  ու ես ամեն անգամ նորովի էի վեր թռչում՝ անհանգստանալով չհերիքող ժամանակի մասին։
Պարզվեց՝ անգամ թուղթ պատռել չէր կարելի այն տետրի վերջին էջերից, որը պետք է իրենց հանձնեինք, բայց, որը նաև սևագիր էր ծառայում։ Ամեն անգամ պիտի շրջեինք էջը մաքրագրելու համար։ Իսկ այն մարդիկ, ովքեր էջ էին պատռել, պետք է նորից ինչ-որ հրաշքով ետ կպցնեին։
Երեխաները, անգամ չհասկանալու դեպքում, վախենում էին հարցեր տալ ուսուցիչներին: Շատ ցածր՝ գրեթե շշուկով ասում էին՝ կարո՞ղ ենք մեկ հարց տալ։ Կողքից հետևելով այդ ամենին՝ մտքիս միայն մեկ բան էր գալիս՝ շուտ փախչել այդ բանտից ու հասնել կրթահամալիր։
Մի քիչ էլ այդ լռության ու լարված մթնոլորտի մեջ մնալուց արդեն կարող էի խելագարվել։ Այդ ամենն ինձ հին դպրոցն էր հիշեցնում։
Երբ զգացի, որ էլ չեմ կարողանում՝ հանձնեցի տետրս ու դուրս վազեցի։ Ասես մի մեծ քար ընկավ վրայիցս, և ես կրկին ազատ եմ։
Մինչ իմ ավարտելը՝ աղջիկներն արդեն պարում էին: Չնայած՝ նկատել էին ճնշող միջավայրը, բայց չէին կաշկանդվում, փոխարենը շարունակում էին պարել պահակների չար հայացքների ներկայությամբ։
Վերջապե՜ս մոտենեցանք կրթահամալիրին։ Դրական աուրան ու բարությունը սկսեցին ջերմացնել ինձ։ Ու ես մոռացա, թե ի՞նչ է լարվածությունը կամ վախը, քանի որ արդեն կրթահամալիրում էի՝ իմ տանը: 

No comments:

Post a Comment