23 December 2016

Երկար մորուքով մարդուկին

Ամանորին հրաշքներ լինում են, Ձմեռ պապի հետ էլ են դրանք կատարվում: Բոլորի տներում ապրողը՝ մորուքով մարդուկը` մեր մարդուկը: Մանկությանս ամենա-ամենա հերոսը, ամենասպասված մարդուկը: 
Վաղուց մոռացել եմ, վաղուց նամակներ չեմ գրում, իսկ ցանկություններս էլ իմ մեջ եմ պահում, միայն ես եմ դրանց տերը: Խորը պահել եմ, այնպես, որ ես էլ չգտնեմ: Հրաշքներ լինում են ու իմ ցանկություններն էլ են կատարվում՝ առանց նամակների: 
Երկար դադարից հետո, այսօր որոշել եմ գրել մի նամակ, բայց ինչ-որ բան այն չէ: Այն հետաքրքրությունն է պակասում, այն ոգևորությունն ու ես եմ պակասում: Իմ մանկության եսը չկա, իմ ամենա-ամենան չկա կամ էլ սովորությանս համաձայն պահել եմ: Մեկ էլ տեսաք, մեկը կգտնի ու էլի կվերադառնա իմ ոգևորվածությունը, ցնծությունը: 

Բարև իմ սիրելի մորուքով մարդուկ՝ Ձմեռ պապ...
Այս նամակը գրում եմ արդեն մեծացած, նոր շնչով, նոր ցանկություններով: Գուցե կարդում ես, կամ էլ չէ, բայց մեկ է, ես գրում եմ իմ հավատի գրիչով: Կյանքիս տասնչորսերորդ ձմեռն է, մի քիչ ցուրտ, մի քիչ տաք, բայց ես նույն փուչիկներ ու կոնֆետներ ցանկացողն եմ մնացել:
Իմ մեծ մարդուկ, դու տեսել՞ ես ամպերը: Եթե ամպերին հարցնես, թե ինչպե՞ս է երկինքը՝ նրանք կարտասվեն, իսկ թե նույնը հարցնես արևին՝ նա կժպտա: Շատ-շատ արևներ եմ ուզում, այնքան շատ, մինչև երկինքը դառնա արևների օվկիանոս: Ուզում եմ, որ օվկիանոսի մոտ ապրող մարդկանց սառույցները արևի ջերմությունից հալչեն: Արևից դեպի ներքև` ջրափոսի մեջ, շնչահեղձ են լինում բարին ու լավը: Կարո՞ղ ես նրանց էլ փրկել, ամենակարող մարդուկ: Հնարավոր է, չէ՞: 
Լույսեր եմ ուզում՝ լիքը լույսեր: Տոնածառի վրա փայլփլող լույսեր: Լիքը ձյուն եմ ուզում, որ ամեն մի փաթիլ կարողանա մաքրել ամեն մի արցունք:
Ուզում եմ, որ բոլորը գտնեն իրենց ամենինչը ու ամուր պահեն: Մի տնակ կառուցեն ու այնտեղ հավերժ ապրեն:
Մի աշխարհ եմ ուզում, նոր մի աշխարհ, որտեղ կլինեն լիքը տնակներ, որ ջերմացնել կարողանան, աշխարհ, որ լույս տալ կարողանա ու չպայթող լիքը փուչիկներ, որ ուրախացնել կարողանան:
Այսքանով` ցած եմ դնում հավատի գրիչս, որ նամակս չնմանվի անթիվ աստղերով գիշերային երկնքի: Եվ, որպեսզի քեզ անթիվ աստղեր չուղարկեմ` ավարտում եմ նամակս:
365 նոր օր... Անհամբեր սպասում եմ:

Սիրով՝ Մերիից՝ մեծ մարդուկին:

2 comments:

  1. Հրաշալի է, որ դու նույն հրաշալի Մերին ես մնացել...

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալ եմ, տիկին Նունե :))

      Delete