Առաջին անգամն էր, որ նստած
էինք դեմ դիմաց:
Լռությունը իր լուռ երգն էր երգում:
Միասին էինք նստած, բայց ես մենախոսում էի՝ կարծես թատրոնում էի, միայնակ բեմի վրա` գլխավոր
հերոսուհի… Խուլ էիր կամ էլ կույր: Քեզ չէի հասկանում, տեսնե՞ս դու
քեզ հասկանու՞մ էիր:
Դու լուռ գալիս էիր, հետո չքանում ու ես մնում էի կանգնած՝ դոփում էի նույն տեղում: Հանդիսատեսը հեռանում էր դահլիճից, բայց դու մնում էիր, թեպետ չէի զգում
ներկայությունդ: Ոչինչ էլ չկար, չկայիր դու: Քո հետ ինձ զգում էի Սառուցյալ օվկյանոսի
ափերին միայնակ նստած, բայց մոռանում էի, որ թատրոնի առջևի շարքերում նստում են հարազատ դարձած անծանոթները:
Ամենուրեք դու ես, շրջում ես թատրոնիս ներսում, շրջում ես բոլոր շարքերով, ամեն անգամ մի տեղ նստելով, կարծես տեղդ չես գտնում` դարձել ես դերը ձախողած մի դերասան:
Ամեն գալուդ ուրախ եմ, թեպետ միշտ գալիս ես շատ ուշ: Ներկայացումս ավարտված է լինում,
իսկ ես պարտավոր չեմ քեզ համար բեմ բարձրանալ: Անպարտաճանաչ մի դերասան ես, որ միշտ ուշացած է գալիս: Բայց արդեն գիտեմ` դու այլևս իմ հանդիսատեսը չես, եթե անգամ դիմակ հագած գաս, ես քեզ չտեսնելու կտամ՝ չէ՞ որ արդեն բեմի վարպետ
եմ դարձել:
Նա եկավ կրկին, բայց ներս չմտավ՝ դիմակն էր մոռացել: Սրանից հետո այլևս
չեկավ, բայց անունը հետևիցս էր ընկել: Որոշ ժամանակ անց թատրոնումս այլևս նստելու տեղ չկար՝ դռները փակվել էին, իսկ ես բեմին նստած խոսում էի...: Ես դարձա մի դերասան` թատրոնի
պատերի ներսում փակված, բայց դու չեկար, ես միայնակ մնացի, բայց ուրախ եմ, ժպտում եմ…
Ծանո՜թ-անծանո՜թ մարդիկ գալիս են իմ ներկայացմանը, ուղղակի դռներն են փակ լինում...
No comments:
Post a Comment