4 December 2016

Երկու արվեստագետ


Միևնույն քաղաքում ապրում էին երկու քանդակագործ։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր կատարելությունը, որին ձգտում էր, և որը երազում էր դրսևորել, հանել հոգու անհունից, ձև ու մարմին տալ նրան, դարձնել ըմբռնելի, շոշափելի։ Մարդիկ կատարյալ չեն կարող լինել, բայց արվեստը կարող է: Նա, ով աշխատում էր օր ու գիշեր, լուռ ու մտախոհ, և ով կարողացել էր արտահայտել բոլորը, ամբողջ իր սրբության սրբությունը, որին նա պաշտում էր, վերջացնում է առաջինը: Նա լուրջ էր վերաբերում իր արվեստին, և ցուցադրման ժամանակ ինքն էլ ամբոխի հետ միախառնված զմայլվում էր քանդակի կատարելությամբ: 
Եկավ երկրորդ արվեստագետի ցուցադրման օրը, որ ստեղծագործում էր երգով ու խաղով, ուրախ ու զվարթ: Ամբոխը կրկին հիացած էր: «Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել՝ արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»  Առաջին արվեստագետը նվիրում էր, ու տալիս էր ամբողջ իրեն, իսկ երկրորդը ուղղակի անելով այն, ինչ սիրում էր, տալիս էր իր հազարավոր արևի բոցերից միայն մեկը: Ամբոխը տեսնում էր երկուսն էլ հավասար, երկուսին էլ կատարյալ, այն շատ պարզ էր, որպեսզի բացի հավասար արտաքինից կարողանար տեսնել նաև շատ տարբեր ներքինը: Տեսնելով իր քիչ տվածը՝ արվեստագետը որոշեց, որ այն արժանի չէ հիացմունքի և ցանկացավ փշրել , ամբոխը թույլ չտվեց: «Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»
Ավետիք Իսահակյան Երկու արվեստագետ

No comments:

Post a Comment