6 November 2016

Երջանկության բանալին


Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտ»
Այս պատմվածքում մարդկանց արյան մեջ ներարկում էին փոքրիկ ոսկե ձկնիկներ, չնայած դրանք ոսկի էլ չէին, այլ ընդամենը ոսկեգույն։ Սակայն բավական էր տեսնել, թե ինչպես են նրանք փայլում և ինչ կայտառ են, դառնում էին ոսկի ձեզ համար, և դուք ցանկանում էիք բոլորի նման ունենալ նրանցից: Մի՞թե դա կարելի է դրախտ համարել:

Հավատալ մի բանի, ապրել մի բանի շուրջը, որը իրականում գոյություն չունի, այսինքն՝ քո երջանկության պատկերացումը դարձնել ավելի իրական, քան երջանկությանդ իրական աղբյուրը:
Մարդիկ գումար էին վճարում, որ ինչ-որ մեկն իրենց համար տպավորություն ստեղծեր, որ «ոսկե ձկնիկները» մեր արյան մեջ հայտնվելով, մեզ երջանկություն են բերում: Նրանց ուղղակի հավատ էր պետք, որ իրենց ներսում ինչ-որ բան կա, որը չի թողնի իրենց տխրել։ Եվ նրանք կորորեն դրա դիմաց վճարում էին` ասելով, որ արդար են համարում վճարել երջանկության դիմաց:
Սկզբում, երբ կարդում էի, այդ մարդիկ բոլորը հիմար էին թվում: Ինչքա՞ն մարդ թույլ պիտի լինի, որ չկարողանա ինքնուրույն գտնել իր երջանկությունը:
Հետո, երբ սկսեցի արդեն գրել, հասկացա, որ միգուցե ոչ մի վատ բան չկա նրանում, որ մտածես, թե քո ներսում երջանկություն կա, ուղղակի հավատալ մի բանի իրականությանն այնքան, որ այն քեզ համար իրական դառնա: Երևի կյանքում էլ մենք հաճախ այդպես ենք անում, և կարծում ենք, թե մեր հավատի շնորհիվ դա ստացվում է՝ երջանկությունը մեր ներսում է լինում:
Եթե բոլորս այդպես մտածեինք, կարծում եմ` մեզ <<Փոքրիկ դրախտ>> երկրում կհամարեինք:
Մեր երջանկության բանալին մեր ներսում է և միայն բացելով այն՝ կբացենք երջանկությունն ամբողջ աշխարհում: Բոլորիս ներսում էլ կան «ոսկե ձկնիկներ», ուղղակի պետք է հավատալ նրանց գոյությանը առանց տեսնելու, թե ինչպես են նրանք մեր արյուն մտնում: Դա է հենց երջանկության բանալին:

No comments:

Post a Comment