28 November 2016

Աշնան վերջին օրը

Ծաղկամանում դրված սիրուն, նուրբ ծաղիկներ,
Որ թոշնել են արդեն․․․
Ծաղկամանի առջև, քո հուզված հայացքից
Ես կարդացի սիրտդ, որ թախծով էր պատվել
Թոշնած ծաղիկներից։


Մի օր հետո արդեն, աչքերիդ հուզմունքից
Չէր մնացել․․․ ոչի՜նչ
Ծաղիկների մի նոր փունջ կար ծաղկամանիդ․․․

Ինչու՞ էիր տխրել՝ ծաղիկների՞ց թոշնած,
Թե՞ դատարկ ամանից․․․

Երբ դուրս եկար փողոց, քո աչքերից ընկավ
Մի մոլորված․․․ արցունք՝
Ոտքերիդ տակ թափված տերևների վրա,
Բայց մոռացար նրանց, երբ գարունը եկավ
Եվ նոր ժպիտ բերեց քո աչքերին խոնավ․․․

Տերևները աշնան էլ չկան, գնացին,
Եվ ուզում եմ հարցնել՝
Ինչու՞ էիր տխրել դու աշնան անձրևին,
Տերևնե՞րն էիր արդյոք սիրում ու ափսոսում,
Թե՞ ծառերը, որոնք անտերև մնացին․․․

Հիմա ես տեսնում եմ աչքերդ շփոթված,
Որ ուզում են ասել՝
Տերևները ընկան, գնացին՝ ի՞նչ արած,
Փոխարենը կյանքում եղավ վերածնունդ,
Նոր տերև է աճել հին ծառերի վրա,
Եվ նոր ծաղիկների բույրն է լցրել տունդ․․․

-Ա՜խ, չէ,- ես քեզ կասեմ,- իմ մոտիկ հարազատ,
Դու իզուր ես խաբվում
Տեսական մտքերին, գեղեցիկ խոսքերին,
Վերածնունդն, ավաղ, լոկ նրանք են ապրում,
Որ ապրել են աշունն ու զգացել․․․ տերևին։

Կյանքում նորից ծնվում ու ապրում են նրանք,
Որ տեսել են իրոք
Ու զգացել թոշնած ծաղկի տխրությունը,
Բայց քո ցավն ուրիշ էր՝ քեզ հուզում էր միայն
Դատարկ ծաղկամանը․․․

Քեզ հուզում էին միայն ծառերը մերկացած,
Եվ հոգ չէր, թե ինչ էին զգում տերևները,,
Գիտե՞ս՝ դու նման ես այդ ծառերին մրսած՝
Գարնան տերևներով խաբում ես ինքդ քեզ,
Աշնանը՝ լուռ ճնշվում, բայց երբեք չընդունում
Մերկությունդ սառած․․․

Եվ որ ավելին է՝ աշուն է, թե գարուն՝
Դու լոկ քեզ ես տեսնում,
Գարնանը սիրում ես զարթոնքը ժպիտիդ,
Իսկ ահա աշնանը դու հմայքն ես սիրում,
Հմայքն․․․ արցունքներիդ։

Այնինչ վերածնունդ ապրում են լոկ նրանք,
Որ ապրել են․․․ աշուն։

Ոչինչ, հարազատս, մի քիչ էլ դիմացիր,
Քո հեքիաթ-խաբկանքը շուտով նորից կգա,
Իսկ ինձ թույլ տուր գնալ ու փարվել անձրևին,
Ես սիրում եմ նրան, ու մեր անկեղծ, ազատ ու խելագար վազքին

Մի ամբողջ օր դեռ կա․․․

Լուսանկարը՝ Նանե Սարգսյանի։

No comments:

Post a Comment