10 November 2016

Անզորությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է գործողությունը

«Որովհետև հայ մարդը ճշմարտություն չի սիրում...»

Հրանտ Մաթևոսյանի բնորոշմամբ` այսպես է ասում ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ պատմողը՝ Վանո Սիրադեղյանը: Բավարարվելով Մաթևոսյանի տված գնահատականով՝ մենք կթողնենք բնորոշումների դաշտը և կանցնենք այն երևույթներին, որոնք բնորոշման ու քննարկման առարկա են դարձել հենց իր՝ Վանո Սիրադեղյանի համար։
Առհասարակ, այժմյան մեր հասարակությունում մենք ունենք ճշմարտությանը առերեսվելու և առանց վախենալու նրան դեմ առ դեմ կանգնելու խնդիր։ Կանգնելու և ուղիղ նրա աչքերի մեջ նայելու՝ ինչպես ընծա, երազանքների իրական արտացոլում և կամ էլ ճակատագրի հեգնանք ու վաղեմի ախոյան։ Թե այս երկուսից որը մենք կընտրենք, մեծապես կախված է ոչ միայն իրականում տիրող իրավիճակից, այլ նաև մեզանից յուրաքանչյուրից՝ սկսած մեր տեսակից ու էությունից՝ վերջացրած աշխարհայացքով և ամենատարբեր արժեքների ընկալումներով։ Սակայն այս ընտրությունից առավել կարևոր է մեր այն կարգավիճակը, որով պատկերանում ենք ինքներս մեր աչքին, և որի հստակ համոզմամբ էլ մենք ներկայանում ենք ճշմարտություն կամ իրականություն կոչված այդ խաբուսիկ ու խիստ հարաբերական երևույթին։ Այդ իրականության առջև մենք չպետք է լինենք անօգնական ու անճար դատապարտյալի նման, և ոչ էլ վերաբերվենք նրան որպես ճակատագրի հեգնանքով մեզ բաժին հասած և առանց այդ նույն ճակատագրի ողորմության ուրիշ ոչ մի կերպ չբաժանվելիք վիճակի։ Չպետք է լինենք այդպիսին, որովհետև վատ է հավատալ այն բանին, ինչը իրականում չենք ուզում։ Այդ մենք ենք, որ մեզ համոզելով ու հավատացնելով՝ մեզ համար ստեղծում ենք այն կարծր իրականությունը, որից այլևս բաժանվել ու հեռանալ չենք կարողանում։ Եվ մինչդեռ այսօր մենք զգում ու ապրում ենք այն ամենով, ինչ տեսնում ենք մեր շուրջը, վաղը այդ ամբողջ շրջապատը ստեղծվելու և ձև է ստանալու մեր այսօրվա մտքերից ու զգացողություններից, ներկվելու է մեր սրտում տեղ գտած ներկապնակի այն բոլոր գույներով, որոնցով այսօր կթաթախենք մեր մտքերի վրձինը․․․
«Որովհետև հայ մարդը ճշմարտություն չի սիրում»․․․   
Ո՞վ ենք մենք և ինչու՞ ենք փախչում իրականությունից․․․Գուցե այն մեր սրտով չէ՞, դա՞ռն է կամ անընդունելի՞․․․ 
Հնարավոր է, բայց գուցե առավել հաճախ իրականությունը ճանաչելուց ավելի դժվար է ընդունել այդ իրականության հանդեպ ունեցած մեր անզորությունը։ Մենք անզորությունից ենք փախչում, որովհետև գիտենք, թե ուր է այն տանում։ Ավելի ճիշտ, այն ոչ մի տեղ էլ չի տանում, այլ միայն դեպի վերջը․․․ 
Եվ մենք ճիշտ ենք, երբ ոչ մի կերպ չենք կարողանում ընդունել և համակերպվել անզորության հետ։ Ճիշտ ենք, երբ ժխտում ենք այն, բայց ճիշտ չենք, երբ փախչում ենք նրանից, որովհետև անզորություն ասվածը իրականում գոյություն չունի։ Մենք փախչում ու թաքնվում ենք ներկայից, որովհետև մտածում ենք, թե այնտեղ շանսեր չունենք և այդ անհույս ներկայում արդեն վաղուց տանուլ ենք տվել ապագան։ Բայց ու՞ր են այդ դեպքում մեր միտքն ու սթափ գիտակցությունը։ Ինչու՞ մենք կարող ենք խելացի դեմքերով նստել սեղանի շուրջ, ժամեր շարունակ զբաղվել գլուխկոտրուկներով և փիլիսոփայությամբ և գալ այն եզրահանգմանը, որ աշխարհում չկան բացարձակ ճշմարտություններ․․․ 
Ինչու՞ կարող ենք թղթի վրա գրված խնդրի նման մտածել և լուծել այս բոլոր հանելուկները, բայց երբ հերթը գալիս է իրական կյանքին, չտեսնել և չհավատալ, որ եթե անգամ ներկայում՝ մեր աչքի առջև չկան բացարձակ ճշմարտություններ և ակնհայտ իրականություններ, ապա ապագայում առավել ևս չկան և չեն կարող լինել։  
Ո՞վ ենք մենք, ինչո՞վ ենք զբաղված ներկայում, և որտեղի՞ց ենք մեզ վերապահել ապագան գուշակելու իրավունքն ու արտոնությունը․․․
Իրականում, այս հարցում մենք բավականին մեծամիտ ենք։ Մեծամիտ ենք, որովհետև մեզ ենք վերագրում ամենաբարդ խնդիրներն ու պատմության ամենածանր ժամանակաշրջանը։ Ու՞ր է այդ դեպքում մեր հազարամյակների պատմությունը, երբ պետք է ոչ թե հպարտանալ անցյալով, այլ գործել ապագայի համար։ Այդ ի՞նչ հրաշագործներ ենք մենք, որ առանց անցյալը տեսնելու և վերլուծելու, միանգամից ուզում ենք տեղափոխվել ապագա, և այն էլ՝ ոչ թե այն կերտելու, այլ գուշակելու․․․ 
Մինչդեռ, եթե հետ նայեինք մեր պատմությանը, մեր աչքերում կփոխվեր նաև ապագան։ Կտեսնեինք այն բոլոր դեպքերն ու իրավիճակները, որոնք հաղթահարել են մեր նախնիները, այն բոլոր անկումներն ու թռիչքները, որոնցով անցել և անցկացրել են երկիրը՝ վերջապես նրան հանձնելով մեզ։ Որտեղի՞ց մեզ այդ իրավունքը՝ ձեռքերը ծալած նստելու և ապագայի մասին մեծ-մեծ խոսքեր ու գուշակություններ հորինելու, մեզ եղածների մեջ ամենամեծ ցավը, ամենադժվարին վիճակը վերագրելու և մեր՝ գոյություն չունեցող անզորությունը մեր իսկ ձեռքերով դրոշմելու մեր ճանապարհին․․․
Իրականում, մեր անզորությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է գործողությունը։ Մենք պետք է վերջ տանք իրականությունից փախչելու ինքնախաբեությանը և դեմ առ դեմ կանգնենք նրա՝ մեզ առաջադրած իրավիճակին։ Իրականության այդ սթափ գիտակցումը ամենևին էլ հուսալքվելու կամ հանձնվելու համար չէ, այլ որպեսզի տեսնենք ու հասկանանք, թե ինչքա՜ն շատ անելիք ունենք մենք։ Եվ որքան էլ որ մենք ունենանք այնպիսի լուրջ և արդիական խնդիրներ՝ կապված ճշմարտության, նրա ընկալման և համապատասխան գործողությունների հետ, պետք չէ դրանք վերագրել հայի տեսակին։ Դրանք ժամանակի և տվյալ պատմական կետի խնդիրներ են, որոնք պետք է գիտակցել, լուծել և անցնել առաջ։ Խնդիրների և սխալների փոխարեն հենց այդ լուծումն է, որ պետք է փնտրենք հայի տեսակի մեջ՝ լավ իմանալով մեր պատմական ներուժն ու ամուր կամքի զորությունը։
Արդեն ժամանակն է վեր կենալու ճանապարհից դուրս՝ եզրին դրված նստարանից և դիտորդի անորոշությունը փոխարինելու ճամփորդի վճռականությամբ։ Բավական է սպասել այն գնացքին, որ կգա, կվերցնի մեզ ճանապարհից և կտանի այնտեղ, ուր ուզում ենք։ Այդ գնացքները մերը չեն և չեն գնում մեր ճանապարհով։ Հերիք է խնդրանքներ ուղղել նրանց անծանոթ վարորդներին, որովհետև եթե նրանցից բարիները մեզ միայն մերժում են, ապա կան նաև այնպիսինները, որ մեծ խոստումներով վերցնում են մեզ, քարշ տալիս մի-երկու կանգառ և ապա իջեցնում մի անորոշ կայանում՝ որպես վարձատրություն վերցնելով ճանապարհի համար ունեցած վերջին հացը․․․ 
Վեր կացեք և նայեք առաջ։ Սա մեր ճանապարհն է, հետևաբար մենք պետք է անցնենք այն։ Եվ ուշադիր նայելու դեպքում կտեսնենք, որ այդ ճանապարհին և արևն է շողում, և երկինքն է պարզ ու հստակ, և ճանապարհներն են հասկանալի ու հաղթահարելի։ Վեր նայեք՝ մեր երազը այնտեղ է՝ մեր լեռների ծերպերում՝ երկնքի բարի ու խաղաղ հովանու տակ։ Եվ մի կանգնեք ու մի նեղսրտեք, երբ ուզենաք նրա ուղղությամբ թռչել, բայց թևեր չունենաք։ Չէ՞ որ ունեք ոտքեր, իսկ առաջ գնալու համար քայլելն էլ է բավական․․․
           


1 comment:

  1. Համապարփակ վերլուծության էր: Ինչպես միշտ` կարդացի հետաքրքրությամբ: Շնորհակալություն, Սոնա ջան:

    ReplyDelete