10 November 2016

Տխուր կատակ, որը ծիծաղեցրեց

Թոնի Չեմբերլեյնը դասախոս էր Բոլթոնի համալսարանում: Ամեն տարվա ուսումնական առաջին օրվա ընթացքում նրան ներկայացնում էին որպես Միսթր Չեմբերլեյն, իսկ երկրորդ օրվանից սկսած՝ նա ստանում էր մի յուրահատուկ մականուն, որը
, չգիտես ինչու, ինչ-որ անհասկանալի պատահականությամբ համընկնում էր բոլոր սերունդների մոտ:
Նրա խորհրդավոր անունն էր՝ Ռոջեր Բաքլսբըրի: Այդ անունը կարելի է հանդիպել լոնդոնյան այգիներից մեկի նստարաններին, որոնց վրա գրված է «Ի հիշատակ Ռոջեր Բաքլսբրիի, ով ատում էր այս այգին և այստեղ գտնվողներին»: Նա տեղյակ էր այս ամենին, և այս ամենը արդեն ոչինչ չէր նշանակում նրա համար: Նա նպատակ չուներ իր կյանքում և ապրում էր միայն ժամանակը սպառելու համար: Նա նույնիսկ չէր նայում ամսաթվերին, և նրա համար օրերը լինում էին երկու տեսակի՝ դժոխք և ոչ աշխատանքային օրեր:
Ամեն տարին նույնն էր, և նա ատում էր այդ կանխատեսելիությունը: Այս անգամ անցել էր մեկ ամիս ուսումնական տարվա սկզբից մինչ առաջին անգամ, երբ նրա դասը չէին լսում սովորողները: Դա, ի դեպ, ռեկորդ էր նրա ուսուցչական կարիերայում: Այդ օրը տունդարձի ճանապարհին նրա ինքնազգացողութոյուն վատացավ, և հաջորդ օրը նա չգնաց աշխատանքի: Նրան հեշտությամբ թույլ տվեցին դա՝ որպես երկար տարիների դասախոսի, և նա այդ օրը գնաց իր ընտանեկան բժշկի մոտ: Բժիշկը նրա սրտի նկարները նայելուց հետո ասաց.
-Ես գիտեմ, որ, որպես բժիշկ, ես իրավունք չունեմ հիասթափեցնելու իմ հիվանդներին և ես պետք է լինեմ վերջինը, որ կորցնում է հույսը: Այնուամենայնիվ, ես իրավունք չունեմ ձեզ չասելու իրականությունը: Ձեզ մնացել է ապրելու առավելագույնը երեք ամիս:
Թոնին խոսքեր չէր գտնում ասելու, բայց միևնույն ժամանակ չէր կարող առանց խոսքերի լքել բժշկին: Նա ասաց.
-Շնորհակալ եմ ձեր անկեղծության համար:
Նա լքեց հիվանդանոցը և ոչ մի խոսք չփոխանակեց ոչ մեկի հետ իր տան ճանապարհին: Նա ոչ մեկին չպատմեց իրականությունը, և այդ գիշերը չքնելուց հետո որոշեց՝ պետք է վայելել այն, ինչն առջևում է: Հաջորդ օրը նա, ի տարբերություն սովորական գրաֆիկի, շուտ արթնացավ: Միստր Չեմբերլեյնը իր բարձի տակից վերցրեց հոգեպահուստ 80000 ֆունտը և գնեց տոմս՝ դեպի Ֆրանսիա: Ֆրանսիայում լինելը միշտ երազանք էր նրա համար: Մեկ այլ երազանք էր իր տնօրեն Ջեք Հոլդինգին ասելը այն ամենը, ինչ մտածում էր: Այդ «գարշելի ճիճուն», ինչպես նրան կոչում էր Թոնին, ամեն ինչի հասել էր իր միլիոնատեր հոր շնորհիվ: Ոչ պակաս ատելի էր նաև իր սովորողների հերթական հավաքածուն, որը իր տգիտությամբ չէր զիջում նախորդ և անգերազանցելի թվացող ապագա սերունդներին: Այսպիսով, մինչև իր մանկական երազանքը իրականացնելը, նա պետք է իր վերադասներին և ենթականերին ցույց տար իր իրական դեմքը: Նա դասարան մտավ՝ դուռը ոտքով բացելով և սկսեց ծամել իր մաստակն այնքան լկտիաբար, որ նույնիսկ չինքնահաստատված գանստերները նրանից սովորելու բան կունենային: Նա յուրաքանչյուր սովորողի անուն «կպցրեց», և նրանց թվում էր նաև այն միակ աշակերտը, որ բացակա էր ռեկորդի գրանցման օրը: Այդ տղան միակն էր, որ հարգում էր նրան, սակայն նրան ևս թուքումուր ուտելու հնարավորություն տրվեց: Դասախոս Չեմբերլեյնը  նրան կոչեց «ստվերներում թաքնվող առնետ», որը խոսում է միայն մարդկանց հետևից: Այդ լակոտը, ի տարբերություն մնացածի, այդ ամենից այնքան վիրավորվեց, որ պատմեց այդ ամենը տնօրեն Ջեք Հոլդինգին: Նա անմիջապես կանչեց Թոնիին իր մոտ և ասաց.
-Թո՛նի, ես և մեր ամբողջ անձնակազմը հարգում ենք քեզ՝ որպես մեր համալսարանի բազմափորձ դասախոսի, բայց այսօրվա քո արարքները ոչնչով չեն տարբերվում ինքնահաստատման խնդիրներ ունեցող դեռահասի՝ իր ծնողների հանդեպ կատարած արարքներից: Ի՞նչն է այս ամենի պաճառը:
-Օ՜, ի՜նչ հուզիչ էր,- քմծիծաղով ասաց Թոնին,- մի՛ խաբիր ինքդ քեզ, Թո՛մ: Դու քո սիրած էդ անձնակազմի հետ ատում եք ինձ և օրերն եք հաշվում, թե երբ եմ թոշակի գնալու: Դու երիտասարդ քոսոտ ես, որ իր հոր շնորհիվ լավագույն համալսարաններ սովորեց, չգիտես որտեղից, որակավորումներ ստացավ և երկու տարում այս համալսարանի տնօրեն դարձավ: Էլ էստեղ եկողը չկա՜… Հոգնել եմ այս քոսոտների հավաքածուից:
Դուռը շրխկոցով փակելով՝ հեռացավ այդտեղից: Երբեք առավել բավարարված չէր զգացել իրեն: Կարծես հաճույք էր ստանում, երբ իր ատելի մարդիկ իմանում էին իր զգացմունքների մասին: Երկու ժամից նրա չվերթն էր Փարիզ: Մի կերպ պետք է անցկացներ այդ երկու ժամերը: Որոշեց քայլել այգիներով: Ամեն անցորդի մեջ թերություն էր տեսնում, ծիծաղում էր բոլորի վրա: Տեսավ նաև մի ոստիկանի, որը կարճահասակ էր, սափրագլուխ և գեր: «Ոնց որ ֆուտբոլի գնդակ լինի: Մեր թիմի տղերքը սրանով, որ խաղային, Պրեմիեր Լիգայում կմնային»,- մտածեց նա: Ուզում էր խոսել, բայց մտածեց, որ պետք չէ անծանոթին նեղացնել: Մի քիչ անցավ և հիշեց, թե ինչպես էին իր սովորողները ծաղրում իրեն, և թե ինչպես էին իր գործընկերները իր հետևից ծիծաղում: Այդ ամենը կարծես թե մարմնավորվեց այդ մարդու մեջ, և անսպասելիորեն ասաց այն ամենը, ինչ մտքով էր անցել: Այդ ամենից հետո, երբ ոստիկանը հորդորեց նրան հավաքել իրեն, նա ասաց.
-Քսան տարի է՝ ֆուտբոլ չեմ խաղացել: Գրազ կգամ, որ վազքում կհաղթեմ քեզ: Չես հավատում, հա՞: Դե արի՛ փորձենք:
Այս ամենն ասելուց հետո հրեց նրան և փախավ:
Իրոք, ոստիկանը ոչ մի հնարավորություն չուներ նրան հասնելու: Շան տղան շատ արագ էր վազում: Ժամը եկավ, որ Փարիզ պետք է թռչեր: Ամբողջ թռիչքի ընթացքում բարձրաձայն երգում էր ինքնաթիռի մեջ: Տեղ հասնելուն պես նստեց առաջին տաքսին և գնաց Էյֆելյան աշտարակը տեսնելու: Ամբողջ փողը խաղատներում և հասարակաց տներում ծախսեց մեկ օրում: Միայն Անգլիա վերադարձի տոմսի համար փող թողեց: Անգլիա վերադարձավ, բայց ոչ հայրենի Բոլթոն: Երկու ամսվա ընթացքում թափառաշրջիկի ինչ գործ ասես՝ փորձեց: Առաջին օրերին մետրոներում էր երգում, ապա սկսեց փող մուրալ: Սկսեց էլեկտրիկ ձևանալ և սեփական տների լույսերն անջատեց: Ինչ ապուշություն մտքովն անցնում էր, արեց: Մի օր էլ որոշեց գողություն անել:
Արկածախնդրությունն էլ ավելի մեծացավ, երբ ոստիկանին, որպես թիրախի, ընտրեց: Վերջինս  միջահասակ էր և թիկնեղ. Այսպիսով, պարտվեց նրան վազքի ասպարեզում: Նրան բանտ տարան, իսկ հարցաքննության ժամանակ ասաց.
-Ինձ համար կարևոր չէ՝ հիմա բանտում կլինեմ, թե Բուքինգհեմյան պալատում: Երկուսուկես ամիս առաջ բժիշկս ինձ ասաց, որ մահացու հիվանդ եմ: Ես ել որոշեցի վայելեմ այս երկու ամիսը: Արեցի այն, ինչը երբեք չէի փորձել: Հիմա կարող եմ հանգիստ մեռնել:
Նրան բժշկական զննության տարան և տեսան, որ ամեն ինչ կարգին է: Բժշկի անունը հարցրին, իսկ նա ասաց, որ ընդամենը ապրիլմեկյան կատակ է արել, և քանի որ առանձնապես զոհեր չկային, նրանց բաց թողեցին: Բժիշկը մոտեցավ նրան և ներողություն խնդրեց: Թոնին  կանգնեցրեց նրան ու ասաց.
-Դուք ինձ փրկեցիք, բժի՜շկ: Նույնիսկ այն դեպքում, որ այս ամենը սուտ էր, ես գոնե մի պահ ինձ երջանիկ զգացի: Ես վիրավորեցի շատերին, և նրանցից ոմանք նույնիսկ մեղավոր էլ չէին, սակայն ես կտրվեցի իմ ամենօրյա դառը կյանքից: Դուք իմ այս թշվառ և միապաղաղ կյանքին զարգացում տվեցիք, որը իմ սրտին բաբախյուն տվեց: Շնորհակալ եմ, Դո՛կտոր Բրաուն,-ասաց նա՝ արցունքներն աչքերին:
-Հիմա ի՞նչ ես անելու,-հարցրեց բժիշկը:
-Չգիտեմ: Թույլ տվեք ինձ մտածել՝ քայլելով Լոնդոնի գեղեցիկ այգիներով:
Նա մի զենք ուներ՝ թաքցրած մոտակա աղբանոցներից մեկում: Վերցրեց այն իր հետ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, նրա դիակը գտան մի նստարանի վրա, որի վրա գրված էր՝ «Ի հիշատակ Ռոջեր Բաքլսբրիի, ով ատում էր այս այգին և այստեղ գտնվողներին»: 

1 comment: