29 October 2016

Սու՞տ են, թ՞ե ճիշտ


Ես հավատում եմ, որ այս աշխարհում ոչինչ իրական չէ, որ ոչնչում չի կարելի լիովին վստահ լինել, և որ այն, ինչ հիմա գոյություն ունի, կարող է մի րոպե հետո կորչել: Պատմությունը ամենաանիրական բաներից է, ո՛չ կարող ես տեսնել, ո՛չ` լսել, ո՛չ էլ` զգալ։ Միայն կարդում ես և ենթադրություններ անում։ Դու կարդում ես կասկածանքների մի գիրք` ինչ-որ մեկի կողմից գրված։

Դու կարող ես մի գրքում կարդալ, որ գրերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից, թագավոր Վռամշապուհի կառավարման տարիներին, օրինակ` 405թ., հետո կարող է  «Հանդէս ամսօրեայ» հանդեսում  մի հոդված հայտնվել, ըստ որի` Վռամշապուհի կառավարման իրական տարեթվերն են 381-399թթ., հետո միգուցե պարզվի, որ Վռամշապուհի կառավարման տարիներին չեն ստեղծվել գրերը:
Այդքանից հետո էլ ո՞վ կզարմանա, եթե հանկարծ պարզվի, որ Մեսրոպ Մաշտոց ընդհանրապես չի եղել։
Ամենասխալն այն է, որ գրքի գրողներն էլ հաճախ չեն իմանում` ինչ են գրում, կամ, որ ավելի վատ է, գիտեն, որ սխալ է, բայց գրում են: Մեզ մանկուց հաղորդում են անհիմն տարբեր մտքեր, և չնայած դրան` բոլոր նորմալ մարդիկ հասնում են մի տարիքի, երբ իրենց մոտ հարցեր են առաջանում։ Օրինակ` ինչո՞ւ են պատմության դասագրքերում տարբեր բաներ գրված, ո՞վ է ասել, որ Վարդան Մամիկոնյանը հերոս է եղել, և այսպես շարունակ. ոչ ոք չի կարող ճիշտ պատասխան տալ, որովհետև ոչ ոք ճշմարտությունը չգիտի։
Շատ դեպքերում էլ, պատմիչներն իրենց ազգակից ղեկավարներին միայն  դրական տեսանկյունից են ներկայացնում, իսկ թշնամուն՝ վատաբանում: Եվ ինչքան էլ օրենքին և պատմիչ լինելու անվանը հակասող է, նրանք բոլորը մարդիկ են, մարդիկ, որ ունեն թագավոր և որին չեն կարող մերժել, մարդիկ, որ ուզում են ապրել, մարդիկ, որ կարող են և ստել:
Բացի դրանից՝ եթե պարզեցին, որ պատմիչների տեղեկությունն էլ մասամբ դատարկ է, շատ դեպքերում՝ սուտ,  տարիների ընթացքում այն նույնպես փոփոխում են, տարիների հետ եղածին նոր բառեր են ավելացնում, տարբեր բառեր են հանում, հետո էլ դասագրքերում գրելիս վերջնականապես խմբագրում են, կարելի է անգամ ասել՝ փոփոխում, հետո միայն տպագրում, հանձնում նոր սերնդին և պարտադրում, որ սովորեն:
Հիմա պատմությունը ստույգ գրելու հնարավորություններն ավելի մեծ են, որովհետև հիմա ցանկացած ոք իրավունք ունի գրելու իր պատմությունը և տարածելու այն, օրինակ, համացանցի կամ գրքերի միջոցով:
Պատմությունը շատ երկար ճանապարհ է անցնում մեզ հասնելու համար, երբեմն գալիս է նոր հորինվածքով՝ երբեմն՝ ճշմարտանման, երբեմն՝ ոչ, բայց, ինչ էլ լինի, այն պատմություն է, ամենամեծ, անիրական բանն աշխարհում, որ մարդիկ են ստեղծում:

No comments:

Post a Comment