8 October 2016

Հանդիպում հեղինակի հետ


Հոկտեմբերի 3-ին «Տիգրան Հայրապետյան» գրադարանում մենք և «Հերացի» ավագ դպրոցի սաները հանդիպում ունեցանք ժամանակակից գրողներից մեկի ՝ Գրիգի հետ: Հանդիպումից առաջ տիկին Հասմիկի առաջարկությամբ կարդացել էի Գրիգի «Հիսիուսի կատուն» ստեղծագործությունը: Մի քանի անհասկանալի հարցեր ունեի, հանդիպման ժամանակ տվեցի և ստեղծագործությունը, որը շատ էի հավանել, ինձ էլ ավելի դուր եկավ: Հեղինակը նշեց, որ այն իր հազվադեպ գործերից է, որտեղ ավարտը լավ է: Իրոք որ այդպես էր, ստեղծագործությունը շատ ոգեշնչող ու բարի էր:

Այն շատ խորն էր, և երբ սկսում էի մտածել ստեղծագործության շուրջ, սուզվում էի ամեն մի բառի մեջ, և ամեն տեղ թաքնված իմաստ գտնում:
Ըստ իս՝ ստեղծագործությունը բազմաթիվ իմաստներ ունի, և այն գործերից է, որ ամեն անգամ կարդալիս նոր իմաստ ես գտնում, նոր անկյունից սկսում դիտել գրվածը:
Նարեկը՝ հերոսը, հիվանդ տղա էր, ով շարունակ արժանանում էր իր դասընկերների հալածանքներին: Վերջին չար կատակից հետո պատմողը Նարեկին տեսնում է արդեն շատ տարիներ անց, նա մեղավոր չէր, բայց և նա կարող էր կանխել այն դեպքը, որ Նարեկի՝ դպրոցից հեռանալու պատճառ է դառնում, բայց որոշեց չմիջամտել: Կարծում եմ՝ տարիների ընթացքում բազմաթիվ անգամ ինքն իրեն հարցրել է, թե ու՞ր է Նարեկը, ի՞նչ վիճակում է, այն երազկոտ տղան արդյ՞ոք դեռ արթուն է նրա ներսում, այդ դեպքից հետո կյանքը նրան արդյո՞ք չի փոխել:
Տեսնելով նրան քահանայի հագուստով, զրուցելով հետը և զգալով, որ Նարեկն իրենց ներել է՝ հեղինակն, ըստ իս, առաջին հերթին ցույց է տալիս, որ աշխարհում բարին չի վերացել, որ այն դեռ շատ է: Նարեկը մեծահոգի և ուժեղ է: Քննարկման ընթացքում շատերը ասացին, որ միգուցե նա չի գիտակցել, թե ինչ մեծ բան է ներումը, միգուցե չի կարողանում նեղանալ, կամ հիշել վատ դեպքերը: Ես համաձայն չեմ։ Կարծում եմ՝ քանի դեռ մենք շնչում ենք ու զգում, բոլորս մարդ ենք, և գիտակցաբար թե՝ ոչ անում ենք այն, ինչ ցանկանում ենք, ինչ սիրտն ու միտքն են ցանկանում:
Երկրորդ հերթին ես հասնակում եմ, որ ինչքան էլ մենք մեծանում ենք, իրականում բոլորս էլ մանուկ ենք մնում, ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ։ Մանուկ ենք մնում, քանի դեռ շարունակում ենք հավատալ, երազանքին, մարդուն, աշխարհին: Եվ ինչքան էլ ասում են, որ կյանքը մեզ փոխում է, ստեղծագործությունը կարդալուց հետո ես կրկնակի անգամ համոզվեցի, որ այդպես չէ: Մենք միշտ կմնանք այնպիսին, ինչպիսին որ կանք. ուղղակի կմեծանանք, բայց մենք էությամբ նույնը կմնանք: Կյանքը ինչքան էլ վատ ու ծանր էր Նարեկի համար, նա, միևնույն է, մնաց այնպիսին, ինչպիսին կար՝ բարի, մեծահոգի, միամիտ…
Հեղինակն ասաց, որ գրում է, երբ իրեն կիսատ է զգում: Միգուցե, քանի որ գիրը ախարհի ամենաչքնաղ բաներից է, որովհետև այնտեղ դու հերոս ես, կամ հրեշ, դու այնտեղ անվախ ես, դու կարող ես մահանալ իսկ հետո հետ գալ, այն ամբողջովին քեզ է պատկանում, և դու ես որոշում քո հերոսսների կյանքը: Չնայած կարծում եմ, որ մեր կյանք էլ մեզ կարող է գրեթե այնքան պատկանել, ինչքան մեր գրածը, բացառությամբ, որ կյանքում չես կարող սխալդ ուղղել, չես կարող մահացածին հետ բերել, իսկ ստեղծագործելիս կարող ես, նույիսկ կարող ես անմահացնել: Քանի որ այն ինչ աշխարհից կորչում է, հոգևոր տեսքով մնում է մեր սրտում ու հոգում, իսկ որպես ապացույց կարող է մնալ մի կտող թղթի վրա:
Ես ինքնս շատ եմ գրում, երբեք ինձ չեմ հարցրել, թե ինչու, բայց գիտեմ, որ ոչ այն պատճառով, որ կիսատ եմ ինձ զգում, գրում եմ, ուղղակի որովհետև հեռանում եմ սովորական աշխարհից և հայտնվում ուրիշ աշխարհում, գրում եմ, որովհետև դա ինձ դուր է գալիս: Ես կիսատ չեմ, բայց գրելիս ես մեծանում եմ գրեթե այնքան, ինչքան կարդալիս: Կարծում եմ, որ սկսում եմ ինքս ինձ ճանաչել:
Ես կարող եմ հիմա էլ դեռ շատ երկար գրել, եթե պատմեմ մեր հանդիպումից, որովհետև զրուցում էին տարբեր նյութերից, բայց ուղղակի կասեմ, որ հանդիպումը ոգևորեց ինձ, խոստովանում եմ, դպրոցի բազամթիվ հանդիպումներից այս անգամվա հետաքրքրությունս ամենամեծն էր, գուցե որովհետև թեման հարազատ էր...
Ինչևէ, խորհուրդ եմ տալիս բոլորիս գրել, կամ ուղղակի ցանկացած սիրելի գործով զբաղվել, որովհետև իրոք հավատում եմ, որ այդ դեպքում մենք մեզ և աշխարհն ենք ճանաչում, և հոգեպես բոլորս մեծանում ենք:
Շնորհակալություն նման հանդիպման համար:

2 comments:

  1. Ինչ էլ տեղը տեղին ես գրել, Անի ջան, շատ ապրես: Նյութդ ուղարկում եմ տիկին Մարիին, թող ինքն էլ ուրախանա...իմ նման:)))

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալություն, տիկին Նունե ջան:

      Delete