4 September 2016

Լվացքը


Գարուն է․․․ Լույս, ձնհալ․․․ Ու երկնքից զուլալ
Մի ծանոթ արագիլ ցած է իջնում դարձյալ,
Գալիս, գտնում բույնը ծանոթ բարդու վրա,
Ու բերելով գարնան թարմ ու ամուր ոստեր՝
Նորոգում է ահա։


Եվ ապա, վերստին բազմելով հին տեղում,
Շուրջն է նայում անհագ ու կարոտած ժպտում,
Ամենը նույնն է դեռ, ինչ չվելուց առաջ,
Միայն, այժմ արդեն մեկ ձագի փոխարեն,
Երկուսն են իր գրկում։

Եվ ահա կանգ առավ մեղմ հայացքը նրա
Դիմացի տան ծանոթ պատշգամբի վրա,
Որ կանգնած է այնտեղ հին պատերով կրկին,
Եվ ուր սպասում էր, թե լվացք է փռում
Ծանոթ տանտիրուհին։

Քանի՜- քանի անգամ նա այդտեղ էր թառել
Ու սիրով, կարոտած՝ պատշգամբին նայել,
Կապվելով այդ տանը, նրա անդամներին՝
Արդեն ամեն գարնան գալիս էր նույն բույնը
Ու նայում․․․ լվացքին․․․

Եղել էին շատ օրեր, երբ լվացք փռելիս
Տիկնոջը տեսել էր մեղմ, անհոգ ժպտալիս,
Լվացքի պարանին՝ կախված տարբեր-տարբեր
Վառ, գունավոր շորեր․․․

Կամ եղել էր՝ բնում արագիլը թառած՝
Տիկնոջը տեսել էր թախծոտ ու վրդովված,
Պարանի շորերը՝ սակավ ու աղքատիկ,
Իսկ ամուսնուն նրա գտել էր անհանգիստ,
Մռայլված ծխելիս․․․

Նախորդ տարի արդեն ուրիշ էր պատկերը,
Լվացքը փռում էր տիկնոջ ջահել հարսը,
Իսկ նրա փոքրիկը, պարզ հրճվանքով մանկան,
Առաջին անգամ էր տեսնում արագիլին
Ու ողջունեց նրան․․․

Ու այս տարի ահա նա եկել էր կրկին,
Թառել էր հին բնում ու սպասում կարոտած,
Որ շուտով կտեսնի ծանոթ ընտանիքին։
Բայց ահա՜ ինչ տեսավ դրսում ոչ լվացք կար,
Ոչ հարս, ոչ տանտիկին․․․

Արդեն քանի օր էր նայում նույն ուղղությամբ,
Բայց տեսնում էր միայն դատարկ մի պատշգամբ,
Նա թեև լավ գիտեր՝ անձրևին ի՞նչ լվացք,
Բայց կարծում էր նաև, որ անձրևներից չէր
Հորիզոնը դատարկ։

Նա, ապրելով այստեղ, գիտեր տեղի մարդկանց,
Գիտեր, որ աշնանը չեն հեռանում նրանք,
Կապված են այն հողին, որ ծնել է իրենց
Եվ պայքարում են, որ հենց այդ հողի վրա
Շինեն կյանքը իրենց։

Նա գիտեր՝ այդ մարդիկ կամքով իրենց զորեղ
Ի զորու են անգամ անձրևից պահանջել,
Որ բարկ արևի պե՛ս լվացքը չորացնի․․․
Էլ ի՜նչ հոգ, որ անձրևն այսքան շատ է տեղում,
Թող այն չամայացնի․․․

Այսպես էր մտածում մտահոգ թռչունը
Ու կարծում էր նաև, որ հայրենի տունը,
Մարդուց միայն մարդն է, որ կարող է խլել․․․
Բայց և չէր հասկանում պարզասիրտ թռչունը՝
Ինչու՞, ինչու՜ խլել․․․

Չէր հասկանում, բնա՜վ․․․
Այդ պարզ էությունը
Ինչպե՞ս կհասկանար
Առեղծվածը մարդու,
Նրա բա՜րդ էության,
Չէր հասկանում մարդուն,
Բայց․․․ սիրում էր նրան։

Սիրում էր և հույսով շարունակում սպասել,
Որ պիտի ուշ, թե շուտ անձրևը կտրվի։
Շարունակում էր սպասել ու հավատով նայել,
Որ մարդիկ դուրս կգան, ու պարանին նորից
Լվացքը կփռվի։

Նայում էր իր շուրջը, փնտրում՝ չգիտես ում,
Եվ երբ այնտեղ միայն անձրևին էր գտնում,
Խնդրում էր անձրևին, որ մարդկանց դուրս հանի,
Որ էլ երբեք-երբեք, պարանին նայելով,
Այն դատարկ չտեսնի։

Չէ՞ որ նա վստահ չէր, որ անգամ չվելիս
Մարդիկ, թռչունի պես,

Նորից ետ են գալիս․․․

No comments:

Post a Comment