26 September 2016

Խնդիրը ոչ թե ճանապարհի, այլ ճանապարհորդի մեջ է

Արդյոք ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր․․․

Այսպիսի հարցերը իրոք շատ են, իսկ պատասխաններն՝ ավելի շատ․․․ Եթե փորձենք գալ սկզբից և հանգամանորեն քննել հարցը, ապա այդ ելքը պետք է որ լինի լուծումը այն բոլոր խնդիրների, որոնք կանգնած են այդ ուժեղ և ամուր երկրի ճանապարհին։ Իսկ խնդիրները շատ են, այնքան շատ, որ կարելի է երկար, շա՜տ երկար թվել։ Չնայած, եթե փորձենք դրանք  ընդհանրացնել, ապա գուցե նշենք երկրի ներսում առկա անկայուն, ոչ բարվոք վիճակը, խնդիրները արտաքին հարաբերություններում, և, իհարկե, այս երկուսից բխող մի վիճակ, որ սովորաբար կոչում ենք ձևական կամ «թղթի վրա գրված» անկախություն։ Որպես տրամաբանական շարունակություն՝ ենթադրվում է, որ մեր նպատակները պետք է լինեն երկրի ներսում՝ խաղաղ, շեն և ստեղծագործ կյանքը, երկրից դուրս՝ առողջ և դիվանագիտորեն ճիշտ կառուցված հարաբերությունները և, վերջապես, գործնականում առկա ազատությունն ու անկախությունը։ Եվ այս երկու Հայաստանների՝ մեր իրականություններում և մեր երազանքներում ապրողների միջև, արդեն ինչքան ժամանակ է՝ մեք փնտրում ենք մի ճանապարհ, ասել է թե՝ ծրագիր, որով կկարողանանք հասնել մեր ցանկացած իրականությանը։ Հնարավոր ճանապարհները շատ են, կարծիքները՝ տարբեր, բայց նպատակը, մեծ հաշվով, նույնն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր։ Եվ չնայած հայտնի չէ, թե արդյոք որ ճանապարհով և կամ ինչպես ենք մենք ընթանում, բայց փաստը, որ աչքներիս առջև է, ասում է՝ կարծես թե տեղ չենք հասնում։ Մի քիչ ավելի համարձակները, եթե դեմ առ դեմ կանգնեն իրականությանը, կարող են շարունակությունն էլ լսել, որ ասում է՝ ոնց որ թե ծերն էլ չի երևում․․․
Իսկ ինչու՞՝ կարող են հարցնել մտահոգվածերը, կամ էլ՝ գոնե մի քիչ հետաքրքրասեր մարդիկ։ Գուցե կա մի բան, առանց որի հնարավոր չէ՞ հաջողությամբ անցնել ճանապարհը, ինչքան էլ որ այն երկար նախագծված ու լավ պլանավորված լինի։ Ասում են՝ կա։ Չէ, այս անգամ փաստերը չէ, որ ասում են, նրանց մեջ մի փնտրեք պատասխանը։ Պատասխանը թաքնված է մի այլ՝ ոչ արտաքին հարթության վրա։ Իսկ այնտեղ ասվում է, որ մենք մեր երազած իրականությունը կունենանք միայն այն ժամանակ, երբ այսօրվա հայ իրականության յուրաքանչյուր կրող (կամ գոնե նրանց մեծամասնությունը) իրապես կհոգա և կմտահոգվի սկզբում նշված հարցի շուրջ։ Հակառակ դեպքում,  ու՞մ են պետք այդ բազմազան ու բարձրահնչյուն ծրագրերն ու ճառերը, եթե չկան նրանց իրագործողներն ու սպասվող արդյուքնով շահագրգռված մարդիկ։ Ուժեղ և հզոր Հայաստան ստեղծելու համար նախ և առաջ պետք է ունենալ ուժեղ կամք և ցանկություն։ Խնդիրը ձևի մեջ չէ, և ոչ էլ՝ ճանապարհի։ Ճանապարհներ միշտ էլ կգտնվեն՝ հզոր երկրի մեր պատկերացրած չափանիշներից ու հատկանիշներից և ոչ մեկն էլ անհասանելի չէ։ Անհնար չէ ձեռք բերել ոչ իրական անկախությունը, ոչ խաղաղ ու երջանիկ կյանքը, և ոչ էլ համախմբված ու հայակենտրոն ուժեղ երկիր ունենալը։ Սակայն խնդիրը նրանում է, որ այդպիսի երկրի մեր բոլոր ծրագրերն ու տեսլականները մենք արդեն ցեխով ու քամահրանքով ենք շաղախել, որովհետև չենք հավատում և բացառում ենք նրանց իրականացումը և՛ գիտակցաբար, և՛, ո ր ավելի վատ է, հոգեպես ու ենթագիտակցորեն։ Ճանապարհ ընկնելիս նախ հարցնենք ինքներս մեզ՝ ինչու՞ ենք գնում և ու՞ր ենք ուզում հասնել։ Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն ասում է, որ եթե դու կրկնում ես որևէ սխալ, ապա դա այլևս սխալ չէ, այլ՝ որոշում։ Ետ նայենք, թերթենք մեր պատմության էջերը՝ արդեն ո՞րերորդ անգամ ենք մենք անընդհատ կրկնում նույն սխալները․․․ Եվ այդ դեպքում, եթե մտածենք Պաուլո Կոելյոյի խոսքի համաձայն, ո՞րն է մեր որոշումը, ու՞ր ենք մենք գնում։ Եթե մեր ներկայիս ուղին մեզ դուր չգա, և մենք ցանկանանք փոխել ուղղությունը, ապա նախ և առաջ պետք է դադարենք անտարբերությամբ ու թերահավատորեն վերաբերվել մեր նպատակներին։ Եվ երբ իրոք գործի անցնենք ու սկսենք անել մեր առաջին քայլերը՝ նոր ուղղությամբ, կհասկանանք, որ խնդիրը ոչ թե ճանապարհի, այլ ճանապարհորդի մեջ է։
Էլ ի՞նչ են ուզում հարցնել աչքերդ, ընթերցո՛ղ։ Գուցե դու ցանկանում ես ասել՝ կհասնե՞նք արդյոք․․․ Եթե այդպիսի հարց կա հոգումդ, ապա կպարզեմ նաև ճանապարհի սկզբին կանգնեցված ցուցանակի գրությունը․ «Կհասնեք, եթե կարողանաք ամուր և համառորեն կառչել ձեր երազած Հայաստանից, եթե հանեք նրա տեսլականը ձեզ պատահած գաղջ ու ցեխոտ ճանապարհներից և պահեք նրան վերևում՝ երազանքի պես սուրբ և վաղը նորից արթնանալու չափ ամուր հավատով։ Բարի ճանապարհ․․․»

2 comments:

  1. Ներքին տրամաբանությունը չկորցրած և վերլուծական հստակ շեշտադրումներով նյութ էր: Հերթական անգամ` կեցցես, Սոնա ջան:

    ReplyDelete
  2. Շատ շնորհակալ եմ, տիկին Նունե ջան :))

    ReplyDelete