24 September 2016

Ազատության թռիչքը


Դու և մյուսները նույնն եք, ձեր մեջ տարբերություն չկա, բոլորդ էլ մտածում եք, գոյատևում եք, թռչում եք այնքան, մինչև հասնեք նշանակետին: Երբ ձեզ բոլորիդ հեռվից նայում ես, բոլորդ կարծես սպիտակ ուղի լինեք` չեք տարբերվում իրարից:
Դու հիմա փակված ես քո նմանակների հետ մի սենյակում: Միայն քեզ է թվում, որ դու ուրիշ ես, որ նրանց նման չես: Դու զարմանում ես նրանց անսահման հիմարության վրա, երբեմն նրանք զզվանք են առաջացնում: Նույնիսկ երբեմն ինքդ քեզանից էլ ես զզվում, միայն նրա համար, որ նրանց հիմար թվացող տեսակին ես պատկանում:
Չնայած այդ ամենին՝ դու գիտես ձեր միջի տարբերությունը: Դու թռչում ես ապրելով, ազատ, իսկ նրանք՝ միայն սնունդ գտնելու նպատակով: Նաև մտածում ես, թե ինչքան քիչ բաներ են տեսնում մյուսները, չէ՞ որ ամբողջ թռիչքի պահին նայում են որսին՝ բաց թողնելով հսկայական օվկիանոսը, երկինքը, քամու շունչը և, ի վերջո, անսահման թռիչքի ազատությունը: Թռիչքը կատարելություն է, իսկ կատարելությունը սահմաններ չունի:
Ջոնաթան Լիվինգսթոն ճայը սովորական չէր…

Պարզ էր որ կգար մի օր, երբ հեռվից դիտողը սպիտակ ուղու ներսում նրան կտարբերեր: Հաճախ այն, ինչ վեր է մեր պատկերացումներից, կամ ուղղակի չափից դուրս անհասկանալի է, սարսափ է առաջացնում: Սարսափից, ցանկությունից կամ ուղղակի համաձայն չլինելու պատճառով Լիվինգսթոնին հեռացնում են ճայերի երամից:
Նա միայնակ է գնում առաջ, ի վերջո հասնում է իր նպատակին, շատ բարձր է թռչում։ Նա էլ կարիք չուներ ինչ-որ բան ապացուցելու որևէ մեկին, նա թռչում էր հենց իր համար։
Այդքան ցանկացած կյանքը ապրելով՝ նա մահացավ ծերությունից…Միայնակ…
Կարդալիս թվում է, թե միակ պակասն այդ է։ Նա մի յուրահատուկ, ուժեղ ճայ էր, որ հասավ իր երազանքին, բայց մնաց միայնակ, ով չտվեց մյուս ճայերին այն, ինչի կարիքը առաջ ինքն ուներ, ով չազատեց բոլորին իրար նման լինելու, աբողջ կյանքը գոյատևելու զզվելի անեծքից։ Միգուցե ուղղակի արդեն շատ ուշ էր…Կամ դա ուղղակի նրա գործը չէր։ Չէ՞ որ միայն, առանձնանալը, ապրելը և թռչելը, արդեն մեծ գործ էր։ Միգուցե Ջոնաթանի հեռացումից հետո շատերն են հեռացել, որովհետև ինչ էլ լինի, բոլորին էլ դուր է գալիս տարբերվել, ավելի լավը լինել մյուսներից։
Ըստ իս Ջոնաթանի վերջին ցանկությունը դա էր, որ բոլոր ճայերը յուրահատուկ լինեին, որ հեռվից դիտողը սպիտակ գիծ չնկատեր, այլ տաբեր մասնիկներ, որոնք շարժվում են տարբեր ուղղություններով, տարբեր չափերի ու գույների են։ Ավաղ, արդեն մի փոքր ուշ էր, իր վերջին ցանկությունը կատարվեց իր մահից հետո։
Կյանքը մի փուլ է, իսկական ու անսահման կյանքին նախապատրաստելու համար։ Նա սովորեց, իսկ երբ եկավ իսկական կյանքը, նա սկսեց սովորեցնել։

No comments:

Post a Comment