1 June 2016

Շեքսպիրն իմ աշխարհում

«Շեքսպիրն ապրում է»․․․

Հենց այս խորագրով էսսեների մի մրցույթի հանդիպեցի մոտ մեկ ամիս առաջ՝ կազմակերպված Հայաստանում բրիտանական դեսպանատան կողմից։ Ներսումս ինձնից անկախ մի չարաճճի հետաքրքրություն արթնացավ, ու որոշեցի մասնակցել։
Որոշեցի ու միանգամից հասկացա, որ անելու շատ բան ունեմ, որովհետև մինչ այդ Շեքսպիրին ծանոթ էի բավականին թռուցիկ ու, պետք է խոստովանեմ, առանձնապես ոգևորված չէի նրա արվեստով։ Պատճառն էլ երևի հասարակության մեջ ամրացած, քարացած ու շատ հաճախ նաև ուրիշներին պարտադրող ու ճնշող կարծիքն է, որ Շեքսպիրին համարում է բացարձակ ճշմարտություն, դրամատուրգիայի գագաթնակետ և շատ այլ «պատվանուններ» վերագրում նրան։ Մի խոսքով՝ այն շատ դեպքրից է, երբ հասարակության մեջ, անգամ դեռ չկարդացած ու սեփական կարծիքը չկազմած, ներարկում են իրենց «կատարյալ» ու անժխտելի կարծիքը։ Ու արդյունքում՝ ասես ինձ բավականին հեռու ու օտար զգայի Շեքսպիրից։ Բայց ժամանակի ընթացքում սկսեցի մտածել, որ առանց ինքս կարդալու ու ծանթանալու, և այն էլ հասարակական կարծիքից ելնելով, չեմ կարող ինձ իրավունք վերապահել՝ անտարբեր մնալ  այնպիսի արվեստագետի հանդեպ, ինչպիսին Շեքսպիրն է։ Ու օգտվելով պատահած առիթից՝ սկսեցի ընթերցել նրա ստեղծագործությունները։ Եվ, պատկերացրեք, շատ ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ իմ տեսած և իմ գտած Շեքսպիրը բոլորովին էլ նա չէր, ում մասին լսել էի մինչ այդ։ Կամաց-կամաց ես սկսեցի ինքս ինձ համար բացահայտել իմ Շեքսպիրին, գտա մի աշխարհ, որ տարբեր էր և իրականում շատ հեռու այն պատմական վայրերից, որտեղ նկարագրված են նրա ստեղծագործությունները։ Դա մարդկային զգացմունքի աշխարհն է, մարդկային հոգեբանության անվերծանելի առեղծվածը, որ անասելի մի հզորությամբ արտահայտված է Շեքսպիրի տողերում։ Ու ասես արդեն ոչ մրցույթի համար, այլ սրտի մի ներքին պահանջով գրեցի այս փոքրիկ էսսեն, որով փորձեցի նկարագրել իմ պատկերացրած աշխարհի գույներն ու զգացմունքները։ Գրեցի, որովհետև ներսումս առաջացրած հարցերով Շեքսպիրն ինձ օգնեց մեն-մենակ մնալ իմ էության հետ ու գտնել այդ էության խորքերում վաղուց նշմարվող, բայց իրենց արտահայտումը չգտած մտքեր ու պատասխաններ, որոնք ավելի կայունացրին միտքս ու հստակեցրին որպես մարդ անցնելիք ճանապարհս։ Ինչևէ, շատ չեմ ուզում խոսել, որովհետև այդ աշխարհը շատ ներաննձնային ու ինքնամփոփ է, և ոչ մի կերպ չեմ կարողանա ներկայացնել այնպիսին, ինչպիսին իրականում կա։ Փոխարենը կնախընտրեմ ներկայացնել այն հանդիպումը, որի արդյունքում իմ պատկերացրած աշխարհից դուրս ծանոթացա նաև հասակակիցներիս, տարբեր գրականագետների և հենց անձամբ Հայաստանում Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի տեսած ու պատկերացրած Շեքսպիրին։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ դեսպանի տանը՝ մրցույթի մրցանակների հանձնման արարողության ընթացքում։ Այնտեղ էին մյուս երկու մրցանակակիրները՝ երրորդ և առաջին տեղերը զբաղեցրած դպրոցականները, ինչպես նաև մրցույթի ժյուրին, կազմակերպիչները և դեսպանը։ Մրցանակները ստանալուց հետո, թեյի սեղանի շուրջ, անցանք ավելի անմիջական ու մտերմիկ զրույցի։ Փորձեցինք մեկնաբանել, քննարկել, պատմել մեր զգացողությունների ու պատկերացումների մասին։ Այդ քննարկման արդյունքում, ի վերջո, եկա այն եզրահանգմանը, որ ընդունված հասարակական կարծիքը կարող է միայն մի արդյունք ունենալ՝ այն, որ Շեքսպիրը հիշվի ու անծանոթ չմնա նոր ու նրան դեռևս չճանաչող սերունդներին։ Իսկ հիշվելուց զատ, Շեքսպիրը ապրում է նախևառաջ յուրովի՝ ամեն մեկիս մեջ, և ապա՝ այդպիսի մտերմիկ ու հաճելի քննարկումների, քարացած ու կարծրացած մտեծելակերպից դուրս առողջ ու սեփական տեսակետը չպարտադրող բանավեճերի և, վերջապես, դեպի գրողն ու նրա աշխարհը տածած ներանձնային, բայց նաև տիեզերական սրտամոտ մի սիրո արդյունքում․․․

No comments:

Post a Comment