1 June 2016

Շեքսպիրն ապրում է

Երբ որոշեցի կարդալ Շեքսպիր, երբեք չէի կարող պատկերացնել, որ այն ինձ կհաղորդի այն հոգեվիճակը, որը հիմա միայն մի կերպ կարող եմ նկարագրել։ Դա իմ սիրած գույներից կազմված՝ սև, սպիտակ ու մոխրագույն հոգեվիճակն է։
Գիտեմ, գուցե առաջին հայացքից մռայլ ու անգույն է թվում։ Թերևս այդ նույն առաջին հայացքից այդպիսին է թվում նաև ինքը Շեքսպիրը՝ իր մտքերով ու ստեղծագործություններով։ Բայց ընթերցելով այդ ստեղծագործությունները՝ ես զգացի մի նոր ու զարմանահրաշ մոտեցում դեպի այնպիսի հարցեր ու զգացմունքներ, որոնց մասին շատերը միայն գորշ ու մռայլ պատկերացումներ ունեն։ Սակայն Շեքսպիրի մոտ ամեն ինչ լիովին այլ էր։ Փորձեցի մտնել ու զգալ նրա ստեղծած ու պարգևած աշխարհը և, պատկերացրեք, այդ աշխարհում սև գույնի մեջ ես սուգ չտեսա, այլ ասես լսեցի լեռնային վճիտ աղվյուրի զուլալ ու զրնգուն ձայնը։ Ես ապրեցի անձրև, որը ոչ թե սառեցնում ու մրսեցնում էր դողացող անօթևան անցորդին, այլ ամբողջովին մաքրում ու պարզեցնում իրեն ապավինած մի մոլորյալ, հոգնած ու վշտաբեկ մարդու հոգին։ Շեքսպիրի՝ այդ երեք հրաշք գույներով պատկերված գունեղ կտավում ես սպիտակի մեջ չտեսա այն անհետաքրքիր ու անիմաստ «ոչինչ»-ը, այլ զգացի մի պայծառ ու շողշողուն հույս, որ անընդհատ, առանց կանգ առնելու խաղում ու չարաճճիորեն թռչկոտում էր այդ խորհրդավոր մթության ալիքներում։ Ես տեսա անձրևից հետո բացվելիք ծիածանը, որի մեջ, դեռ թաքնված, բայց արդեն հուզմունքից թրթռացող սրտերով ու ժպիտներով վառվռում էին ծիածանի այն պարզ ու երանելի գույները, որ որպես մի ամբողջություն ամփոփված են այդ սպիտակի մեջ։ Եվ վերջապես, կարդալով Շեքսպիր, իմ մեջ արթնացավ մոխրագույնի այն պատկերը, որ կարծես թե անթափանց մառախուղի տեսքով պատում է և սևի մեջ եղած աղբյուրի զրնգոցն ու սպիտակի մեջ թաքնված ծիածանի գույները։ Բայց իրականում այդ մառախուղն ինքնին լույս էր՝ անվերջ ու անսահման, որի միջով կարող էիր տեսնել այն ամենն, ինչ կամենայիր․․․
Եվ տեսնելով այս բոլոր պատկերները՝ իմ սրտում ասես ինքնին գրվեցին այս բառերը՝ Շեքսպիրն ապրում է․․․ Որովհետև արթնացնելով մեր մեջ այն թախիծը, որ բոլորս էլ ունենք, նա դրանով ոչ թե հուսահատեցնում ու թևաթափում է, այլ կյանքի է կոչում այն բոլոր ուժերը, որոնցով կարող ենք և պետք է հաղթահարենք այդ թախիծը։
Այդպիսին են հենց Համլետի խոսքերը՝ լինել, թե չլինել․․․

Եվ ինչքան էլ որ ինքս երբևէ չէի մտածել չլինելու մասին, սակայն այս հարցից հետո սկսեցի մտածել հենց լինելու մասին։ Մտածեցի, թեև առանց դրա էլ սրտիցս մի ձայն հուշում էր, որ պետք է․․․ լինել, միանշանակ լինել։ Լինել, ապրել ու պայքարել այնքան, ինչքան դեռ հնարավորություն ու ուժ ունենք։ Որովհետև գոնե ինձ համար Շեքսպիրի տողերը ոչ թե տատանվելու ու հանձնվելու առիթ դարձան, այլ նորից ու նորից հիշեցրեցին ապրելու ու պայքարելու մասին։ Թերևս, հենց դրանով էլ Շեքսպիրը ապրում է իմ մեջ և առհասարակ այն աշխարհում, որը ստեղծել է ու որտեղ տանում է իր ընթերցողներին։ Ապրում է ու կապրի դեռ այնքան, ինչքան որ կշարունակի հիշեցնել անթափանց մառախուղի ետևում մեզ սպասող զուլալ աղբյուրի ու պայծառ ծիածանի մասին, որին կնայենք ու կմոտենանք արցունքներից արդեն պարզված աչքերով ու հրաշագործ անձրևով մաքրված ու զուլալված սրտով․․․

No comments:

Post a Comment