25 April 2016

Ապրելու եմ

            
Այսօր դու ինձ խփեցիր ու գցեցիր։ Գուցե անարդար էիր ու անօրեն, անխիղճ ու անմարդկային, գուցե փոքրոգի էիր ու անիրավ․․․ Բայց եթե վաղը ես նորից վեր չկենամ, ապա դրա միակ մեղավորը կլինեմ ես ինքս․․․
Հետագայում, երբ նորից ոտքի կանգնեմ, գուցե քեզ հակահարված հասցնեմ, գուցե ցանկանամ խաղաղ ապրել, գուցե ներեմ կամ չներեմ, բարձրաձայնեմ ու դատապարտեմ կամ լռեմ ու փորձեմ մոռանալ, գուցե կանգնեմ ու պահանջեմ մինչև վերջ և կամ էլ․․․
Ինչևէ, այդ ամենն արդեն իմ որոշելիքը կլինի։ Բայց հիմա՝ այս պահին, ես դեռ պետք է ապաքինվեմ ու բարձրանամ։ Որովհետև ընկած վիճակում որևէ բան պահանջել ուղղակի հնարավոր չէ։ Այդ վիճակում հնարավոր է միայն խնդրել ու աղերսել։ Իսկ աղերսողին ու նրա «պահանջը» երբեք և ոչ ոք չի բավարարում։ Աղերսողին այսօր սոսկ ողորմություն են տալիս, իսկ արդեն վաղը իրենց «բարեկամությունն» են երեսով տալիս։ Աղերսողին այսօր իրենց բարձր ու բարի անվան համար են օգտագործում, վաղը՝ ավելի բարձր շահերի։ Աղերսողին այսօր մի կտոր հացով լռեցնում են, որ վաղը այդ հացին անգամ կարոտ թողնեն և կուրորեն ու բնազդաբար հացին ձգտող կենդանու նման կապեն ու ընտելացնեն իրենց․․․
Եվ որ ամենակարևորն է, ամեն տեսակ օգնության միֆերից զատ, նրանք ոչինչ չեն անում քեզ գետնից բարձրացնելու համար, իրենց ձեռքերով ամեն ինչ մեկնում են, բայց երբեք ձեռք չեն մեկնում, որ վերև հանեն․․․
Բայց հեռացե՛ք բոլորդ, ինձ պետք չեն ձեր ողորմած արդարությունն ու դատավճիռները, որովհետև երեսից արդար դատավոր եք ձևանում, իսկ տակից ամենաաներես ոճրագործից էլ առավել փորձում եք փորել ոտքիս տակի վերջին թիզ հողը։ Հեռու՛ գնացեք․․․
Այսօր ես կլռեմ, որպեսզի կարողանամ ուշքի գալ ու ամոքել ցավս։ Ամոքել, բայց ոչ ողբալ, երբեք այլևս, բավական է արդեն․․․ Այսօրվանից ես պետք է միայն առաջ նայեմ։ Թող անցյալի դասերը ավելի ամուր դարձնեն ոտքերիս տակի հողը, բայց այդ ոտքերն այլևս միայն առաջ պիտի շարժվեն։
Այսօր ես դեռ կլռեմ, որպեսզի կարողանամ հավաքել ուժերս, իսկ վաղը․․․ Վաղը ես նորից ոտքի կկանգնեմ, որովհետև կհավատամ իմ ուժերին ու Նրան, ով տվել է ինձ այդ զորությունը, որը ոչ մի օտար ու թշնամի չի կարող խլել։ Ոտքի կկանգնեմ և խանդավառ ու հիացած կնայեմ նորից բացվող առավոտին, նորից վերադարձող արագիլներին, նորից ծնվող մանկանը ու անվերջ ալիքվող կյանքին։ Կնայեմ, հիացած կժպտամ ու նորից կշարունակեմ քայլել կյանք կոչվող իմ այն անվերջ ճանապարհով, որին սիրահարվեցի ու խոստացա հավատարիմ մնալ՝ նրա վրա ոտք դնելուց առաջին իսկ վայրկյանից սկսած։ Կքայլեմ ավելի ուրախ ու թեթև, բայց և ավելի վճռական ու հաստատուն։
Ու այս ամենը ամենևին էլ ոչ որևէ մեկից վրեժ լուծելու համար։ Թող գրողի ծոցը կորչեն բոլոր ոճրագործներն ու դատավորները․ ես նրանց հետ լուծելու ոչ մի հարց չունեմ։

Ես ապրում եմ, որովհետև պետք է ապրեմ, որովհետև անմնացորդ, մինչև սրտիս վերջին կաթիլը սիրահարվել եմ կյանքին։ Ապրելու եմ ես ու չեմ խուսափելու այդ կյանքի ամեն տեսակ խորդուբորդներից, որովհետև երբեք չեմ կշտանալու այդ խորդուբորդների ետևում պահված․․․ թռիչքներից․․․ 

1 comment: