19 April 2016

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի



Իմ կարծիքով, այս բանաստեղծությունը ցույց է տալիս մարդու բնավորության ամենավատ գծերը: Պատահական չէ, որ Սահյանը միանգամից բնության երևույթներից անցում է կատարում մարդուն: Խոսքը իրար հասկանալու և դրության մեջ մտնելու մասին է: Դա է պատճառը, որ մենք չենք գնահատում մեր ունեցածը այնքան ժամանակ, մինչև այն կորցնելու վախ չլինի: Իմ կարծիքով, ապրիլի 2-6 տեղի ունեցած քառօրյա պատերազմը փաստում է դրա մասին: Այն փաստը, որ մենք դարձանք ավելի բարի և մտահոգ` ցավ ապրելու շնորհիվ է: Երբ լավը դառնում է սովորական, մենք մոռանում ենք լավ լինելու մասին: Սակայն մի գուցե մարդն ինքն է ուզում տեսնել փոփոխությունը: Երբ մենք վատ իրավիճակի մեջ ենք լինում, մենք անհապաղ բարեկեցություն ենք ուզում, իսկ երբ մենք ստանում ենք այդ բարեկեցությունը, կրկին չենք լինում երջանիկ, քանի որ լավը դառնում է հասարակ: Իմ կարծիքով, բանաստեղծությունում ասվում է, որ պետք չէ խուսափել դժվարություններից, այլ պետք է ուղղակի հաղթահարել դրանք: Չէ որ փոփոխություններն են, որ մարդուն բերում են կյանք: 

No comments:

Post a Comment