11 April 2016

Սանդուղք չկա և չի էլ եղել

Ինչ զարմանալի երևույթ է «Մութ ու Լույս աշխարհներ» կոչվածը։ Կարող ես ողջ կյանքդ անցկացնել՝ հանդիպող բոլոր մարդկանց հարցնելով մութ ու լույս աշխարհների մասին, բայց միևնույն է, ողջ կյանքիդ ընթացքում երբևէ այդ հարցին երկու անգամ նույն պատասխանը չես ստանա։ Ինչքա՜ն տարբեր մտքեր ու պատկերացումներ կան այդ հարցի շուրջ, ինչքա՜ն տարբեր հեքիաթներ ու պատմություններ, ենթադրություններ ու հավաստիացումներ․․․ Կարելի է անվերջ բանավիճել այս հարցի շուրջ, բայց դարձյալ ոչ մի ընդհանուր եզրակացության չգալ, թե որոնք են Լույս ու Մութ, կամ էլ Ներքի և Վերին աշխարհները․․․
«Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Աղայանի այս տողերում, Գյուլնազ տատի օրինակով, հստակ արտահայտված է մարդկության մի զգալի մասի կարծիքը Լույս ու մութ, Ներքի ու Վերին աշխարհների վերաբերյալ։ Կարծիք, որ շատ հաճախ համընկնում է, եթե անգամ միանգամայն տարբեր են տվյալ մարդկանց պատկերացումները բուն Մութ ու Լույս աշխարհների մասին։ Եվ որ ամենազարմանալին է, կարծիք, որ համընկնում է մարդկության բոլոր ժամանակների հետ՝ անկախ իրականում տվյալ ժամանակաշրջանում տիրող իրավիճակից։ Խնդիրն այն է, բոլոր ժամանակներում էլ մարդկանց մոտ եղել է և շարունակում է լինել իրենից հեռու գտնվող բաները, տվյալ դեպքում՝ ժամանակաշրջանը, սրբացնելու և իդեալականացնելու միտումը։ Բոլորի մտքում էլ կա մի ժամանակաշրջան, որտեղ ամփոփված են տվյալ մարդու պատկերացրած ողջ լույսն ու երազը, երջանկությունն ու կատարելությունը։ Հիմնականում դա լինում է անցյալում եղած որևէ ժամանակաշրջան, մի փոքր ավելի լավատեսների դեպքում՝ ապագայում սպասվող մի երջանիկ օր․․․ Միայն մի չգրված օրենք կա․ այդ «կատարյալ» ժամանակաշրջանը երբեք չի համընկնում այն ժամանակաշրջանի հետ, որտեղ ապրում է տվյալ մարդը կամ սերունդը։ Ներկա ժամանակը մշտապես մի անցումային շրջան է անցյալի ու ապագայի միջև, որը միշտ մութ է ու անշոշափելի։ Համենայն դեպս, գոնե այդպես են ասում «իրատես» մարդիկ։ Իսկ ժամանակը շարունակում է անցնել․․․ Այնպես, ինչպես մեր ապրած ներկան ժամանակին այլ մարդկանց համար լուսավոր ապագա է եղել, այնպես էլ մեր պատկերացրած ապագայի լույսը հօդս է ցնդում, երբ դադարում է ապագա լինելուց։ Եվ երբ այդ օրն արդեն ներկայիս օրն է, դարձյալ այն մեզ համար մութ է ու անցանկալի։ Սակայն բավական է այս այսօրը երեկ դառնա, ու հիմա էլ անցյալը կսրբացնենք ու կփորձենք ամեն կերպ ետ բերել․․․ Մի խոսքով՝ ապրում ենք անցյալով և ապագայի համար․․․ Եվ որքան ավելի հեռավոր են այդ անցյալն ու ապագան, այնքան մեզ համար ավելի լուսավոր ու երանելի են։ Ի վերջո, որտեղ էլ և երբ էլ որ ապրելիս լինենք, մենք գրեթե երբեք չենք հասնում մեր երազած մաքուր ու անխառն լույսին։ Ինչու՞․․․ Թող հոռետեսական չթվա, բայց չենք էլ հասնի դեռ այնքան ժամանակ, մինչև որ չդադարենք իրարից տարբերակել ու առանձնացնել Մութն ու Լույսը․․․ Մենք անընդհատ երազում ու ձգտում ենք մի երանելի պահի, որտեղ կլինի միայն լույս, կյանք, սեր, հրաշք․․․ Դա էլ ընդհանուր առմամբ մեր պատկերացումն է Լույս կամ Վերին աշխարհի մասին։ Սակայն ներեցեք, բայց պետք է խիստ կասկածանքով վերաբերվեմ մեր աշխարհում որևէ այդպիսի վայրի կամ ժամանակի գոյությանը։ Եվ եթե անգամ այդպիսի մի բան գոյություն ունի, ապա միևնույն է, այդպիսի մի վերացական գաղափարի տրվելով՝ ճանապարհին մենք անտեսում ու անմասն ենք մնում ճիշտ մեր առջև թափված լույսից՝ խուսափելով բախվել այն մութ մասին, որ խառնված է այդ լույսի հետ։ Մեր՝ երջանիկ եղած ժամանակ, բավական է մտքի ծայրով հիշենք մի որևէ խնդրի մասին ու դարձյալ կընկճվենք ու կհուսահատվենք։ Կկծկվենք ու կխուսափենք ամեն ինչից՝ փորձելով պաշտպանել մեզ արտաքին աշխարհի մութ կողմերից՝ այդպիսով մեզ զրկելով նաև այդ մութին խառնված լույսից։ Մինչդեռ անընդհատ խուսափելով՝ մենք ստիպված կլինենք կանգ առնել ու այլևս ոչ մի քայլ չանել․․․ Իսկ եթե որոշել ենք առաջ գնալ, ապա պետք է պատրաստ լինենք այն ճանապարհին, որը ինքներս մեզ համար կընտրենք: Մեր կյանքի ողջ ընթացքում մենք ընտրություն ենք կատարում: Այդպես է եղել հնագույն ժամանակներում, այդպես է և հիմա. ոչինչ և ոչ մի կերպ չի փոխվել: Այդ ընտրությունը կայանում է հետևյալում՝ կամ և’ լույս, և մութ, և կամ էլ ոչինչ... Այդ ընտրությունը մենք կատարում ենք ամեն քայլափոխի՝ և ոչ միայն տվյալ քայլի համար, այլև նորից ու նորից ողջ կյանքի համար: Մեր կյանքի մեծագույն դժվարությունը, բայց և միաժամանակ մեծագույն հրաշքը կայանում է նրանում, թե ինչքանով ենք կարողանում հաղթահարել մութը՝ հանուն մեր երազած լույսի: Իսկ հաղթահարել կարելի է ոչ այլ կերպ, քան լուսավորելով այդ մութը մեր ներքին լույսով ու ջերմությամբ: Ներքի ու Վերին աշխարհներ չկան, այլ կա մի աշխարհ, որ այդ երկուսի կատարյալ ու անբաժանելի միաձուլումն է: Եվ դա հենց այն աշխարհն է, որտեղ որ մենք ենք ապրում: Եվ այն Լույսը, որին ձգտում ենք, երբևէ չի հեռացել մեզանից: Այն գտնվում է մեզնից ընդամենը մի քայլ հեռավորության վրա, սակայն ոչ այն ճանապարհին, որով սովորաբար գնում ենք... Զավեշտալի է, բայց երբ հասանք Գյուլնազ տատի հեքիաթի ամենաբաղձալի, բայց և ամենաիրական մասին, այն կսկսի ընդունվել որպես հորինված ու անիրական լուծում՝ ծառայելով հեքիաթի բարի ավարտին: Բայց հենց այստեղ է թաքնված ամենագլխավորը...
«– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։
... Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա»։
Ահա լույսին հասնելու ողջ գաղտնիքը: Սանդուղք, որը դեպի Լույս կամ Վերին աշխարհ է տանում, չկա և չի էլ եղել: Որովհետև այն մի քայլը, որ բաժանում է մեզ լույսից, միայն ու միայն թռիչքով կարելի է հաղթահարել...

Լուսանկարը՝ Նանե Սարգսյանի։

No comments:

Post a Comment