3 April 2016

Դժվար բռնկվող ջահը

Երբ պետք է գեղեցիկ ու տպավորիչ խոսքեր ասել, զարմացնել փիլիսոփայական ու հռետորական արվեստով, մենք բառերով աշխարհներ ենք նվաճում, իսկ երբ արդեն ժամանակն է այդ բառերով արտահայտվածը իրականում զգալու ու ստեղծելու, շարունակում ենք ապրել նույն հին ու դառը կարծրատիպերով։

Բոլորիս մտքերում ու անգամ արդեն ենթագիտակցության մեջ էլ անհերքելի է, որ տիեզերքը, որում ապրում ենք, անվերջ է ու անսահման, մինչդեռ մենք ինքներս վաղուց արդեն սահմանափակել ենք ամենը՝ փորձելով տեղավորել մեր գիտակցության ու տրամաբանության մեջ։ Մեր բառարանները երբեք չեն զգում վերացական գոյականների պակաս, բայց ցավալին հենց այն է, որ մեր կյանքում էլ այդ երևույթները մնում են վերացական ու իրականի հետ անհամատեղելի, անհավատալի ու անհնարին։
Անհավատալի ու անհնարին․․․
Գուցե զարմանալի թվա, բայց հենց այս երկու բառերից է կազմված մարդկության, ըստ իս, ամենաանբացատրելի, բայց և անհերքելի, անբաժանելի ու անխախտելի շղթաներից մեկը։ Որովհետև այն, ինչ մեզ համար անհավատալի է, երբեք և ոչ մի դեպքում հնարավոր չի լինի իրականացնել։ Գուցե հուսահատեցնող է, բայց հենց սրանից էլ ծնվում է մարդկության մյուս մեծագույն շղթան՝ ամենազորեղն ու ամեն տեսակ հրաշքներով լին։ Այդ շղթան հետևյալն է․ այն, ինչին հավատում ենք հոգով ու սրտով, գիտակցաբար ու ենթագիտակցորեն, մեծագույն ձգտումով ու ներքին անխախտ համոզմունքով, մի գեղեցիկ օր անպայման դառնում է իրական։
Զարմանալի է, այնպես չէ՞։ Բայց եթե խոսքը այդ մեծագույն ուժի՝ հավատի մասին է, ապա ամեն ինչ դառնում է հնարավոր ու միանգամայն իրականանալի։ Թեև չեմ կարծում, որ այս խոսքերը որևէ մեկի համար նորություն լինեն, սակայն այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե այդպիսի մեծ ուժի գոյության դեպքում ինչու են այս խոսքերը շարունակում դարեր շարունակ լոկ թղթերի վրա ու խոսքերի մակարդակում մնալ, իսկ մարդկությունը՝ ավելի ու ավելի կարոտ՝ իր երազած հրաշքին։
Կարծում եմ՝ դրա պատճառն այն է, որ հավատը իր ողջ էությամբ նման է բոլորիս կողմից լսված, բայց երբևէ չտեսնված կախարդական փայտիկին։ Չեմ կարծում, որ որևէ մեկը հրաժարվեր այդպիսի փայտիկ ունենալուց։ Մի փայտիկ, որ ավելի զորեղ է, քան թշնամու բյուրավոր զորքը, որի հրաշքն ավելի մեծ է, քան ծառի վերափոխումը թռչնի, որն անտեսանելի է առավել, քան օդը, բայց և երանելի է ավելի շատ, քան ցանկացած պատկերացում, որ մենք ունենք երջանկության մասին։ Չէ, չեմ կարծում, որ որևէ մեկը հրաժարվեր։ Սակայն երբ հերթը հասնում է այդ ամենը մտքերից ու խոսքերից իրականության վերածելուն, դարձյալ բոլոր փայտիկներն ու հրաշքները վերագրվում են հեքիաթներին ու դասվում անիրականանալիների ու անհավատալիների շարքը։ Այդպես, իհարկե, շատ ավելի հեշտ է։ Ու այդ հեշտին տրվելու արդյունքում, մարդկանց՝ իրենց երազանքի նկատմամբ ունեցած հավատն այնքան չնչին ու աննշան է դարձել, որ եթե անգամ փորձես իրական հրաշագործի փայտիկ նվիրել որևէ մեկին, ապա նա առանց փորձելու այն դեն կնետի ու կծիծաղի քո մանկամտության վրա։ Եվ փայտիկը, որն իրականում գոյություն ուներ, հնազանդվելով անհավատալի-անհնարին անխախտելի շղթային, կանհետանա։ Կանհետանա այնպես, ինչպես այժմ անհետանում է այդ փայտիկից էլ շատ ավելի զորեղ և ի տարբերության նրա՝ միանգամայն իրական մի բան՝ հավատը։ Դժվար է պատկերացնելը, բայց մեր աչքերի առաջ սահում ու գնալով ձուլվում է մեզ պարուրած մթին։ Որովհետև այն պատրաստի ու անսպառ լույս չէ, որ մշտապես լուսավորի բոլորին, այլ մի դժվար բռնկվող ջահ է, որը պետք է նկատել, տարբերել խավարից, ապա վառել ու անդադար ապրեցնել նրա կրակը։ Մինչդեռ մենք շարունակում ենք ձուլվել խավարին՝ թույլ տալով, որ ջահը հեռանա մեր տեսադաշտից։ Ինչու՞․․․
 Որովհետև, լինելով ավելի զորեղ ու բուժիչ, քան ցանկացած աշխարհային դեղամիջոց, հավատն ավելի դժվար հասանելի է, քան այդ դեղամիջոցներից ամենաթանկարժեքը։ Որովհետև հեշտ չէ ի ծնե կույրին տեսնել ու պատկերացնել այն աշխարհը, որը երբևէ չի տեսել, և դեռ մի բան էլ հավատալ, որ ահա իր աչքերը կբացվեն, և ինքը կտեսնի իր պատկերացրածը։ Որովհետև հեշտ չէ անբուժելի (ըստ բժիշկների) հիվանդին համոզել, որ կյանքին պետք է ոչ թե ափսոսալ ու կարոտել, այլ շարունակել սիրել ու հավատալ։ Հավատալ՝ առանց կասկածի որևէ նշույլի, և կյանքը նորից անսպառ աղբյուրի նման կհոսի նրա երակներով։ Հեշտ չէ, բոլորովին հեշտ չէ ամբողջությամբ մթությամբ ու խավարով պատված մարդուն հավատացնել, որ ահա դու ունես աշխարհի մեծագույն ուժը՝ հավատը, և բավական է ձեռքդ նկարչի նման ազատ ու անկաշկանդ շարժես, և հավատդ իր տուփի մեջ բոլոր տեսնված ու չտեսնված գույներն ունեցող վրձնից էլ ավելի գունեղ կներկի ու կլուսավորի քեզ ու շրջապատդ։
Հեշտ չէ, ավելին՝ շատ դժվար է, բայց եթե կարողանանք հասնել այդպիսի հավատի, որը կախված չէ ներկայից ու նրանում տիրող ամեն տեսակ կասկածներից ու սահմանափակումներից, այդ ժամանակ կհասկանանք, որ մինչև հիմա մեզ ոչ թե թևերի բացակայությունն էր խանգարում թռչել, այլ այդ թևերը կապող ու սանձող՝ ընկնելու վախը։ Եվ ի տարբերություն բոլոր աշխարհային ձեռքբերումների ու  հաճույքների՝ թռիչքի հրաշքը մեզ համար երբեք չի դառնա սովորական ու առօրեական, որովհետև ինչպես թռչելու համար է պետք թևերը շարունակ ու գնալով ավելի ուժգին թափահարել, այնպես էլ մեր երազած հրաշքը պիտի անդադար սնուցվի մեր խանդավառ ու սիրով լեցուն հավատից։ Եվ ինչքան անսպառ լինի մեր հոգու հավատը, այնքան ավելի լուսավոր ու երանելի կլինի շղթայի վերջին ու ամենակարևոր հանգրվանը՝ Հրաշքը․․․

No comments:

Post a Comment