29 March 2016

«Գարուն ա, ձուն ա արել»

Գուցե ուշացած ու անպատեհ համարեք, եթե փորձեմ ավետել ու շնորհավորել գարնան գալուստը։ Համենայն դեպս, ինքս միայն վերջին օրերին զգացի, որ գարունն արդեն եկել է։
Չեմ խուսափի խոստովանել, որ օրացույցային գարնան առաջին օրերին միշտ էլ ինձ հոգեպես ճնշված եմ զգում։ Գուցե ողջ իրական ու վիրտուալ աշխարհը «պայթեցնող» ամպագորգոռ ճիչերից ու շնորհավորանքների՞ց է, կամ էլ շատ-շատերի կողմից դեպի գարունն ունեցած գոնե ինձ համար անընդունելի մոտեցումի՞ց․․․ Չգիտեմ․․․Միայն կասեմ, որ այն ժամանակ, երբ տևական շոգ եղանակից հետո նորից տեղաց ձյունը, և շուրջբոլորը գրեթե բոլորի շուրթերից կարելի էր լսել անեծքի տոնով հնչող «ձմեռը վերադերձել է» արտահայտությունը, հենց այդ ժամանակ զգացի, որ սիրտս թրթռում էր այդ նույն ձյան՝ գարունն ավետող սուրհանդակի ջերմ թակոցից։

Ու նորից արթնացա։ Ինչքան էլ որ հաճելի ու ընդարմացնող լինի ձմռան ինքնամոռաց քունը, միևնույն է, ամենամեծ հրճվանքը զգում ես այդ քնից արթնանալիս։ Արթնացա ու լայն բացեցի սրտիս դռները այդ գարնան առաջ։ Նա ժպտաց ինձ, իսկ ես հուզմունքից ու մի ներքին թրթիռից մղված՝ ինքնամոռաց փարվեցի նրան․․․
Հետո՞․․․ Հետո կարելի էր անվերջ մնալ այդ անկրկնելի զգացողության հետ մեն-մենակ ու էլ երբեք չզգալ օրացույցային գարնան գործադրած ճնշումը։ Բայց չգիտեմ՝ ճակատագիր էր, թե դժբախտ պատահականություն, հայացքս մեն-մի վայրկյանով շրջվեց ինձ պարուրած հրաշքից ու ընկավ նույն մռայլ ու ժպիտս հեգնող սառը դեմքերին։ Մեն-մի վայրկյանով, որն էլ սակայն լիովին բավական էր․․․ Նորից մի անհանգիստ վրդովմունք պատեց ինձ, չնայած ինքս էլ շատ լավ հասկանում էի նրանց բոլորի դժգոհության պատճառը․ չէ՞ որ այդ մարդկանցից մեկը դեռևս նոր-նոր իր այգու ծաղկունքով բերկրացածն էր, երբ սառը ձյունը տեղաց ոչ միայն ծառերի նուրբ ու փխրուն ծաղիկների, այլև նրա հենց նոր տաքացած սրտի վրա։ Մեկ ուրիշին, նույնքան արդարացիորեն, արևն էր ջերմացրել, մյուսին՝ թեթև հագուստը, մի ուրիշ մարդու էլ անձրևն ու ձյունն ինքնին դուր չէին գալիս։ Եվ պատճառները թվարկել կարելի է անվերջ․ դրանք բավական անձնական են, որպեսզի ինչ-որ կանոնների ու օրինաչափության ենթարկվեն։
Բայց հույս ունեմ՝ ներողամտաբար ու ըմբռնումով կմոտենաք, եթե խոստովանեմ, որ այդ պահին սեփական զգացմունքներս թույլ չէին տալիս հաշվի նստել ոչ փաստերի, ոչ էլ, առավել ևս, ուրիշների զգացմունքների հետ։ Այդ ժամանակ միայն մի ներքին հուզված ու վրդովված ձայն էր ուզում դուրս թռչել սրտիցս ու բղավել այն, ինչը նրանք, իմ կարծիքով, չէին հասկանում։ Ուզում էի ունեցածս ողջ ձայնով գոռալ, որ գարունն ինձ համար ո՛չ շրջապատի կանաչ գույնն է, ո՛չ տաք եղանակը, և ոչ էլ թեթև, հեշտ ու սահուն կյանքը․․․ Որ գարունը այն մեծագույն պարգևն է, երբ կարող ես ու պետք է պայքարես ունեցածդ ողջ ուժով։ Պայքարես հենց այդ գարնան համար, որին հասնելու դեպքում էլ ոչ մի արտաքին ուժ չի կարող նրան քեզնից խլել։ Գարունը ամեն անգամ ընկնելիս նորից բարձրանալու անխափան հույսն է, ծաղիկներից այլևս մերկ ծառերի առջև կանգնած այգեպանի անկոտրում հավատն է, որ չնայած սրտի՝ անճնշելի թվացող ցավին, արդեն կարողանում է իր առջև տեսնել հաջորդ ծաղկունքը։ Եվ վերջապես, գարունը սեր կոչվող այն հրաշքն է, որը կարող է լինել արտաքին ցանկացած  եղանակի ժամանակ, բայց չի կարող լինել, երբ այդ գարունը չկա հոգում․․․

Ուզում էի ամբողջ ձայնով գոռալ, բայց կոկորդս սեղմող արցունքներից ձայնս կտրվել էր, և միայն մի խուլ շշուկ էր շարունակում ամոքել սիրտս ու ավետել գարունն ու նրա բերած լույսը․․․

No comments:

Post a Comment