22 March 2016

Արահետ

Երբ կթվա, թե ձեզ համար այլևս փակ է մարդաշատ ու աղմկոտ պողոտան, մի անտեսեք ձեր առջև բացված արահետը․․․

Շատ դեպքերում պողոտան մեզ ավելի լայն ու լուսավոր է թվում, ասկայն բավական է միայն անջատել էլեկտրականությունը, և բոլոր լամպերը միանգամից կմարեն։ Եվ եթե այդ ժամանակ չշտապենք փակել մեր աչքերը ու մատնվել խորը հուսահատության, ապա անպայման կնկատենք ճիշտ մեր կողքին՝ ծառերի ու ծաղիկների, մոլախոտերի ու փշերի միջով գալարվող մի արահետ։ Արահետ, որը կարիք չունի արևի լույսի կամ էլ էլեկտրական լուսավորության, որովհետև ինքնին լույս է ու լույս է ճառագում և՛ ծառերի ու ծաղիկների, և՛ անգամ մոլախոտերի ու փշերի վրա։
Եվ երբ կարողանանք հաղթահարել նախորդ հիասթափությունը ու որոշենք բռնել արահետի ճամփան, այնժամ կտեսնենք, որ արահետը պատրաստ է մեզ էլ՝ մինչև մեր հոգու ամենահեռավոր անկյունները, լուսավորել իր անսպառ ու կենարար լույսով։
Եվ եթե մինչև հիմա աչքերով էինք տեսնում փողոցի լուսավորությունը, ապա արահետի լույսը հոգու աչքերով կտեսնենք, որովհետև կբացվեն այդ լույսից։
Կբացվեն, և կտեսնենք, որ մինչև այդ պահը փողոցի լույսի մեջ խարխափել ենք՝ ջանալով գտնել դեպի մեր երազը տանող ճանապարհը, մինչդեռ այս արահետով քայլելիս բավական է նայել երկնքին, և կտեսնենք այն ամենը, ինչին միշտ նայել ենք, բայց երբևէ չենք տեսել։ Կտեսնենք, որ աստղերը, որոնց մինչև հիմա դատարկ երկնային մարմինների ու գազային միացությունների տեղ ենք դրել, իրականում մասն են մեզ պարուրած լույսի և պարզ ու գեղեցիկ կերպով արտացոլում են այն ճամփան, որը միշտ փնտրել ենք, այն երազը, որն այդքան փայփայել ենք։ Եվ նայելով երկնքին՝ մենք կտեսնենք ու բաց կանենք արահետի չերևացող ուղիները, և հավատով ու խանդավառությամբ կշարունակենք քայլել մեր առջև բացված արահետով, քայլել դեպի գեղեցիկը, դեպի երազն ու լույսը․․․

No comments:

Post a Comment