6 February 2016

Հայաստան կոչվող իմ երազանքը

                                            Լուսանկարը՝ Նանե Սարգսյանի

Չգիտեմ, թե ինչու, բայց Հայաստան ասելիս երբեք չեմ պատկերացրել ներկայիս Հայաստանի Հանրապետությունը՝ իր սահմաններով, օրենքներով, քաղաքական իրավիճակով, տարածքով, բնակչությամբ... Առանց մտածելու կամ հասկանալու, ինքս ինձնից անկախ՝ ես մտքումս ու ենթագիտակցությանս մեջ մշտապես ունեցել եմ Հայաստանի իմ իդեալը, այն Հայաստանը, որում ոչ թե ապրում եմ, այլ որին ձգտում եմ: Մի խոսքով՝ պատկերացրել ու փայփայել եմ Հայաստան կոչվող իմ երազանքը... 


Բայց միշտ էլ պատկերացումներս այնքան վերացական են եղել, որ դժվարացել եմ որևէ անուն տալ դրանց, որևէ կերպ բնութագրել: Բայց երբ կարդացի Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը, ակամայից զգացի, որ հենց դա է իմ պատկերացրածն ու երազածը: Այո, Հոգևոր Հայաստանը, որը ժամանակին ենթագիտակցորեն նույնացնում էի գալիք Հայաստանի հետ, իսկ հիմա... հիմա արդեն երազում եմ այդ նույնացման մասին... 
Վերջերս հաճախ եմ նկատել ու լսել տարբեր բնութագրումներ ու կարծիքներ Հայաստանի վիճակի մասին: Չեմ կարող ժխտել, որ շատ անգամ լսում եմ նաև ինձ հոգեհարազատ կարծիքներ, ինձ անսահման հրճվանք պատճառող սեր ու նվիրվածություն դեպի մեր հայրենիքը... Բայց որ ավելի հաճախ է պատահում և ինձ մեծագույն ցավ պատճառում, այն պատկերացումն է, որ մեր երկիրը գտնվում է մի խղճուկ, կախյալ ու անհույս վիճակում... Եվ զարմանալին էլ հենց այն է, որ այդպես մտածողները մշտապես փորձում են դրա համար մեղավորներ փնտրել: Եվ, իհարկե, գտնում են... Մեղավոր են ինչ-որ «նրանք»... Կապ չունի, թե ով, նրանք մեղավորներ միշտ էլ գտնում են: Կարող են մեղադրել, դատապարտել ամեն գործած ու չգործած մեղքի համար, մեղադրել կարող են բոլորին, բայց... միայն ոչ իրենց: Իրենք  այն դժբախտ տուժողներն են, ում ճակատագիրը, ի՜նչ հանդգնություն, որոշել է ծաղրել ու հայ ծնել... 
Եվ սրա շարունակությունն արդեն ոչ անկանխատեսելի է, և ոչ էլ զարմանալի: Ամեն ինչ ավարտվում է այն ժամանակ, երբ հայը սկսում է զատել (կամ էլ, ով իմանա, զտել) իր ճակատագիրը իր հայրենիքի ճակատագրից... Դե, շարունակությունը դուք էլ գիտեք՝ «բարի ճանապարհ»«երջանիկ լինեք»... Դե, եթե կկարողանաք այդպես երջանիկ լինել, ուրեմն, իրոք որ, մնում է միայն ասել՝ բարի ճանապարհ... 
Բայց մի՞թե ճիշտ է այս ամենին կողքից, դրսի կողմից նայելը... Մի՞թե ճիշտ է մեզ այդ վիճակից առանձնացնելը: Եվ եթե մենք իրոք մտահոգվում ենք այդ վիճակի համար, ապա նախ և առաջ պետք է վերադառնալ դրա ակունքներին: Այն արտաքին խնդիրներն ու մտահոգությունները, որ ունենք, պարզապես տրամաբանական հետևանքն են մի շատ ավելի մեծ խնդրի: Եվ այդ խնդիրը Հոգևոր Հայաստանի տկարությունն է, որի մասին, սակայն, քչերն են մտահոգվում: Մենք անընդհատ փորձում ու պայքարում ենք, որպեսզի լուծում տանք այս կամ այն արտաքին խնդրին՝ մտածելով, որ այդպես կբարելավենք մեր երկրի վիճակը: Սակայն իրականում դա ոչինչ չի փոխելու.  մի խնդրին հաջորդելու է մյուսը, մի մտահոգությանը՝ մյուս մտահոգությունը, և դա այն պատճառով, որ մենք տեսնում ու փորձում ենք վերացնել միայն հետևանքը, առանց հասկանալու այդ հետևանքի պատճառը: Դա նման է նրան, որ անընդհատ մաքրենք արյունը՝ առանց տեսնելու ու բուժելու վերքը: Սակայն դրանից արյունահոսությունը չի դադարի, այլ կշարունակի ուժգնանալ այնքան ժամանակ, մինչև որ... մինչև որ կամ նկատվի ու բուժվի վերքը, կամ մարմինը ամբողջովին արյունաքամ լինի, սպառվի ու վերջնականապես... 
Իսկ վերքը խորն է և այն էլ շատ... Մինչդեռ մենք ոչ վերքն ենք տեսնում, ոչ էլ, առավել ևս, նրա խորությունը: Ամեն ինչ մոռացած՝ ազգովի ընկել ենք մի ցեղասպանության հետևից ու ինչքան խնդիր ունենք, դրան ենք վերագրում: Տեսնես՝ որ դա էլ եղած չլիներ, այն ժամանա՞կ ինչ պիտի գտնեինք մեր ցավն ավելի հուզիչ ու սրտաճմլիկ դարձնելու համար: Ասես մեզ դուր է գալիս մեր իսկ հորինած այն միտքը, որ աշխարհում ամենամեծ ցավի տերը մենք ենք: Ու այդ ցավի վսեմագույն զգացմունքով լցված՝ անունը պահանջ ենք դրել, բայց իրականում ամոթալի ու անհույս պաղատանք ենք անում սրան-նրան՝ մոռացած ամեն ազգային արժանապատվություն ու հպարտություն... Մինչդեռ եթե կա մի ցավ, որը մեզ ամենաառաջինը պետք է մտահոգի, ապա դա Հոգևոր Հայաստանի համար ապրած ցավն է: Հոգևոր Հայաստանի, որը սկսել է աստիճանաբար մարել... Եվ եթե ուրիշները  դրսից են սպանել, ապա մենք՝ ներսից և այն էլ ինքներս մեզ ենք սպանում ու սպառում... 
Ու՞ր է արդյոք Հոգևոր Հայաստանը: Որտե՞ղ ենք մենք նրան կորցրել, և, որ ավելի վատ է, որտե՞ղ ենք դադարել նրան փնտրել: Դրա համար ոչ Ամերիկա է պետք, ինչպես ինքներս ենք մեզ հավատացրել, ոչ էլ համաշխարհային ճանաչում: Այդտեղ ոչ թշնամին կապ ունի, ոչ էլ անգամ ժամանակաշրջանը: Բայց միևնույն է, Հոգևոր Հայաստանը պահել չենք կարողանում: Այստեղ էլ ոչ ոք չկա, որին կարելի լինի մեղադրել: Միակ մեղավորը մենք ենք, և դա պետք էր շատ ավելի շուտ հասկանալ: 
Իսկ ո՞րն է արդյոք Հոգևոր Հայատանը: Իհարկե, յուրաքանչյուրս յուրովի ենք այն պատկերացնում, բայց համոզված եմ, որ եթե յուրաքանչյուրս էլ ձգտենք դեպի մեր պատկերացրած Հոգևոր Հայաստանը, ապա արդյունքը կլինի մեր պատկերացրածից շատ ավելին: Իմ պատկերացմամբ՝ Հոգևոր Հայաստանը հայրենիքին հոգով ու սրտով կապված լինելն է: Հոգևոր Հայաստանը իր ամեն մի զավակի կողմից դեպի հայրենիքն ունեցած այնպիսի վերաբերմունքն է, ինչպիսին մորն է՝ իր զավակի հանդեպ: Չէ՞ որ մոր սերը անսահման է ու կախված չէ ոչ մի տեսակի հանգամանքներից: Մայրը կարող է հուզվել, բարկանալ, բայց դա գալիս է ոչ թե ինքն իր հանդեպ ունեցած սիրուց ու մտահոգությունից, այլ իր զավակի հանդեպ տածած անշահ ու անխառն սիրուց: Նա կարող է տեսնել իր զավակին հուսահատ ու կարծես թե այլևս անհույս վիճակում, բայց երբեք չի լքի նրան և դեռ մշտապես պատրաստ է ընդունել իրեն լքած զավակին: Կհուզվի, լաց կլինի, ամեն ինչում կմեղադրի ինքն իրեն, բայց վերջիվերջո ոչ որևէ այլ բանով, այլ միայն իր ամենազոր սիրով կփրկի ու կբարձրացնի զավակին: Հենց այդ սերն է Հոգևոր Հայաստանը: Սերը՝ յուրաքանչյուրս իրար հանդեպ, անգամ ամեն մի անծանոթի, որպեսզի պարզապես անծանոթն ու հոգով օտարը տարբեր լինեն իրարից: Ամենամեծ նվերը, որը կարող ենք ստանալ և որը կարող ենք նվիրել, սերն է, սիրով լցված ժպիտը մեր հայրենիքին, նրա ամեն մի բացվող առավոտին, ամեն մի նոր ծնվող կամ արդեն ծնված զավակին: Եթե իրոք «երկիրը երկիր չի», ուրեմն դարձնենք, եթե դժգոհում ենք, ապա չթողնենք ու գնանք, այլ այնպես փոխենք ամեն ինչ, որ դժգոհությունն ինքը թողնի ու հեռանա:  Անենք դա՝ մաքառելով, դժվարությամբ, բայց երբեք չդադարելով սիրել, և այդ դեպքում ամեն ինչ հնարավոր կլինի... 
Ի վերջո, ես կարող էի այս ամենը միայն մի նախադասությամբ ասել, և դա էլ բավական կլիներ, բայց վախեցա, որ այդպես, նախքան այս ամեն ինչը ասելը, դա կընդունվեր որպես շատ անգամներ կրկնված ու մեխանիկաբար ասված խոսք: Այնուամենայնիվ, դա է իմ պատկերացումը այն Հայաստանի մասին, որին այդքան երազում եմ: Հոգևոր Հայաստանը այն դրախտավայրն է, որտեղ ամենուր՝ ամեն հայի մտքում ու ենթագիտակցության մեջ, ամեն քար ու թփի արանքում և անգամ օդում անսպառ ու անսահման է հույսը, հավատն ու սերը... 
Միայն թե պետք չէ մոռանալ, որ ամեն ինչ մեր ու միայն մեր ձեռքերում է... 

No comments:

Post a Comment