13 February 2016

Արի


Ես հիշում եմ քեզ, ինձ բռնած ձեռքդ՝
Ինձ նոր-նոր քայլել սովորեցնելով,
Բայց ես քեզ կորցրի, երբ թողի ձեռքդ՝
Ինձ` մեծանալու տարերքին տալով։

Ես հիշում եմ, երբ ամեն մութ պահի
Ինձ համար անտես լույս էիր դառնում,
Բայց հենց փորձում էի աչքով որսալ քեզ,
Լույսն ինձ լքում ու հօդս էր ցնդում։

Հիշում եմ նաև՝ երբ ուղիս փակ էր,
Թռիչքի էիր ինձ քեզ հետ տանում,
Բայց երբ փորձում էի թևերդ առնել,
Իջեցնում էիր մոտիկ կանգառում։

Բայց դա դեռ ոչինչ․ նեղանալ չունեիր,
Իմ սփոփանքն էիր՝ լի հրաշքներով,
Բայց երբ ուզեցի պարզել, վերծանել,
Ինձ օտարացար՝ ինձնից փակվելով։

Դու իմ հյուրն էիր՝ միշտ հավատարիմ,
Բայց երբ փորձեցի քեզ պահել ինձ մոտ,
Հեռացար ինձնից, ու հիմա մի սին
Ունայնություն է մնացել ինձ մոտ։

Բայց տես՝ ես նորից քեզ եմ որոնում,
Լսիր՝ խնդրանքով ես քեզ եմ դիմում՝
Իմ լույս, իմ երազ, ետ արի նորից,
Ես ինձ եմ կորցրել ու քո մեջ փնտրում։

Չեմ փորձի ես քեզ որսալ, պարփակել,
Այլ լոկ քեզ զգալ ու փարվել լույսիդ,
Միայն մի լքիր՝ ես առանց այդ էլ
Քեզ կորցրել եմ ու կարոտ եմ դարձիդ․․․


Լուսանկարը՝ Նանե Սարգսյանի

2 comments: