13 January 2016

Ճանապարհին


Ես կանգնած էի ճանապարհին... Մի անհասկանալի, ինչ-որ միջին կետում, երբ ոչ սկիզբն է լինում տարբերել, ոչ՝ վերջը: Երա՞զ էր դա, տեսի՞լք, գուցե ուղղակի հիվանդ երևակայությու՞ն՝ չգիտեմ: Ինչ որ է,  բայց այդ ամենը ինձ մի խիտ ու մառախլապատ մշուշով էր պատկերանում, այնպես, որ թվում էր, թե մի այլ աշխարհից է կամ էլ մի ինչ-որ չլսված հեքիաթից: 
Ես կանգնած էի այդ տարօրինակ մեջտեղում, իսկ իմ ետևում սարեր ու ձորեր էին՝ մեծ ու փոքր: Ես ճանաչում էի այդ բոլորը. դրանցից յուրաքանչյուրով ես անցել էի կյանքիս մի որոշակի փուլի ընթացքում, փորձել էի հաղթահարել դրանցում պատահած վերելքներն ու վայրէջքները, ես ապրել էի այնտեղ... Բայց այդ պահին` ժամանակի ստեղծած մշուշի միջով այդ ամենին նայելիս, ամեն ինչ այլ լիներ կարծես, ամեն ինչ լիներ փոխված, ուրիշ... Ու կարծես ժամանակի նստեցրած փոշին հեռացրած լիներ ամենը, ինչ ժամանակին այնքան մոտ էր: Այն, ինչ թվում էր, թե հավերժ է ու անբաժան, արդեն տեղափոխվել էր մի ուրիշ աշխարհ, որտեղ վերադառնալ էլ չէր լինի... Կարելի էր միայն անվերջ նայել այդ սար ու ձորերին ու փորձել տեսնել այն, ինչ դեռևս թույլատրում էր տեսնել ժամանակ կոչվող մշուշն ու փոշին, և... զարմանալ... Զարմանալ, թե ինչքան բան կարող է փոխել այդ մշուշը, և թե ինչքան տարբեր է ամեն ինչ, երբ ժամանակին քեզ շրջապատած աշխարհին նայում ես մի փոքր հեռվից, երբ այդ մշուշի միջից նայում ես ինքդ քեզ...
Ու այդ պահին արդեն շատ բաներ պարզվեցին ինձ համար: Ես տեսա, որ այդ ճանապարհին հաճախ պայքարել ու մաքառել եմ, հաճախ` ուրախացել ու ոգևորվել, մեկ-մեկ` տխրել... Տեսա նաև, որ եղել են պահեր, երբ ուղղակի իներցիայով եմ առաջ գնացել՝ տրվելով ժամանակի անհաղթելի հորձանքին: Իսկ ժամանակը չի սպասել, որ ես նրան հարմարվեմ, որ հասնեմ... Ժամանակը սպասել չի սիրում և չգիտի... 
Ինչևէ, այդ ամենով հանդերձ ես այդժամ կանգնած էի այդտեղ, ետևում՝ հաղթահարված կամ ոչ սարեր ու ձորեր, իսկ առջևում... 
Առջևում ոչ պակաս սարեր ու ձորեր էին երևում: Տարբեր ծանոթ ու հոգեհարազատ երազանքներ՝ պահ մտած բարձր լեռների մեծ ու փոքր ծալքերում: Տարբեր անհասկանալի ու մշուշոտ ծրագրեր, առեղծվածներով ու խորդուբորդներով լի անհայտ երկարությամբ մի ճանապարհ...
Ու եկավ մի պահ, երբ իմ մտքերը խառնվեցին իրար ու նմանվեցին խճճված մի կծիկի, որի սկիզբն ու վերջը դժվար էր գտնել: Առջևի անհայտությունը, ետևից մնացած անբաժան հուշերը, մշուշը... Սակայն սխալ կլինի ասել, թե դրանք ինձ տխրեցնում էին: Ընդհակառակը՝ լուսավոր էին և հուշերը, և երազանքները... Լուսավոր էր երկինքը, լուսավոր էր անգամ մշուշը:  Բայց միևնույն է, այդ ամենի հետ մեկտեղ ոչ մի վայրկյան չէր դադարում ժամանակի հաստատուն ու վճռական երթը: Ու այդ երթի մեջ արդեն չէր հասկացվում՝ երբ է ներկան վերածվում անցյալի, և թե ինչպես է ապագա կոչվածը կամաց-կամաց, ինքնաբերաբար հոսում այդ ներկայի ու անցյալի ճանապարհով... Մի ներքին անհանգստություն ու տագնապ կար, որ խանգարում էր վայելել ու ապրել այդ երանելի պահի քաղցրությունն ու լույսը... Եվ կարծես ակամայից միտքս եկան հայտնի երգի տողերը՝ «Հար-հարատև այս պահն է լինելու»... Թվաց, թե դրանք պիտի հանգստություն ներշնչեին ինձ, բայց ոչ մի կերպ չէի կարողանում համոզել ինքս ինձ: Տըկ-տըկ, տըկ-տըկ, առանց կանգ առնելու  անցնում էին վայրկյանները, և կարծես սլաքի ամեն մի զարկի հետ իմ սրտին հարվածեին: Մի լարված ու անհանգիստ վիճակ, որ ամեն կերպ փորձում էր ինձ համոզել պահի անցողիկության մեջ, ինձ թույլ չէր տալիս հանդարտվել ու հանգստանալ: Թվում էր, թե ահա կավարտվի այդ կիսաարթուն, ընդարմացած վիճակը, ու նրա հետ կգնա նաև լույսը: Թվում էր, թե կանհետանան առջևում գտնվող ճանապարհների մեջ հազիվ նշմարվող երազանքները, և կյանքը նորից կշարունակի իներցիայի ուժով առաջ շարժվել՝ ինքնաբերաբար հնազանդվելով ու հետևելով ժամանակի խելահեղ վազքին...
Մի վայրկյան էլ, ու ես, էլ չդիմանալով, անզորությունից խեղդված ու պաղատագին ձայնով գոռացի ժամանակին՝ կանգնի՜ր...
Հետո մի քանի վայրկյան եղավ լռություն. ես հուզմունքից ճնշվել ու կախել էի գլուխս. ոչ այլևս լաց լինելու ուժ ունեի, ոչ էլ համարձակություն՝ այդ հուսահատ խնդրանքից հետո նորից ժամանակի աչքերին նայելու: Բայց շուտով նկատեցի, որ այն ուժգին տկտկոցը, թեև չէր լռել, այնուամենայնիվ նկատելի իջեցրել էր ձայնը: Երբ ես զարմացած մի փոքր բարձրացրի գլուխս, ուղիղ իմ առջև տեսա ժամանակի պատկառելի կերպարանքը: Բայց, զարմանալիորեն, հիմա նրա աչքերում ամենևին չկային այն դաժան անաչառությունն ու անդրդվելիությունը, այլ նշմարվում էին կարեկցության ու մեղավորության զգացումները: Նա, տեսնելով ինձ և լսելով իմ խնդրանքը,  ամոթից մի կերպ փորձել էր ցածրացնել իր տկտկոցի ձայնը, բայց լռեցնել չէր կարողացել... Իսկ նրա ամաչող ու մեղսավոր հայացքը... Ես նրանում պարզ տեսա, որ ինքը չէ հրամանատարը այդ երթի և դեռ ինքն էլ անզոր է իր իսկ կատարելության առաջ... Եվ ես խղճացի ժամանակին: Խղճացի, ինչպես խղճում են իր իսկ անաչառության ձեռքում գերի ընկածին: Բայց հետո...
Հետո ես փորձեցի հաշտվել ժամանակի հետ: Նայելով նրան՝ ես հասկացա, որ ստեղծված է բնության հրաշագործ ձեռքով և կատարյալ է, ինչպես ինքը՝ բնությունը: Ես սկսեցի ընդունել նրան ոչ թե որպես պատիժ, այլ որպես պարգև, օրհնություն: Ես նայեցի առաջ ու տեսա, որ այն առավել հետաքրքիր է, քան վաղուց արդեն պարզված ու բազում անգամներ վերապրած անցյալը: Մինչդեռ եթե դեպի անցյալ այլևս ճանապարհ չկա, ապա դեպի մեր երազած վառ ու լուսավոր ապագա ժամանակ կոչվող հրաշալի ընկերն ինքն է մեզ ուղեկցում՝ երբեք թույլ չտալով հուսահատվել ու կանգ առնել: 
Հետո ես ժպիտով նայեցի երկնքին ու լցվեցի պահի պարգևած երջանկության հարատևության զգացումով...

2 comments:

  1. Կեցցես, իմ աղջիկ: Քո գիրը ճիշտ քեզ նման է՝ քեզ նման պարզ ու սիրունիկ, բայց և՝ քեզ նման խորն ու խորհրդավոր...

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ, Ձեր կարծիքը ինձ համար շատ կարևոր է))

    ReplyDelete