9 December 2015

Երբ տիեզերականը դառնում է անձնական














Լուսանկարը՝  Նանե Սարգսյանի


Մուշեղ Գալշոյանի աշխարհը խորն է, հնարավոր չէ մի ի միջի այլոց ընթերցումով զգալ նրա էությունն ու նրա խոսքի խորքային իմաստը: 
Գալշոյանը բավական խորը ու վեհ զգացմունքների մասին  խոսում է ամենապարզ ու հասարակ ձևով։ Այդ ամենին նա նայում է հասարակ շինականի ու աշխատավորի աչքերով:
Խոսում է տիեզերական ու համամարդկային երևույթներից, բայց այնքան նուրբ ու այլաձևորեն, որ տիեզերականը նույնպես դառնում է անձնական: Թերևս նրա մեծությունը նրա մեջ է, որ ամեն ինչ աում է՝ ոչինչ չասելով: Խոսում է շատ հաճախ հուզող ու ցավ պատճառող երևույթներից, բայց այնքան անմիջական ու ու զգուշորեն, որ առաջացնում է ավելի խորքային զգացմունքներ, այլ ոչ թե պարզապես դատարկ արցունքներ ու էլ ոչինչ: Հաճախ կարդում ենք  դրամաներ, որոնցից հուզվում ենք, լաց լինում: Բայց դրանց մեծամասնությունում տեղի է ունենում որևէ ողբերգական դեպք, որը հաճախ արդյունք է լինում անարդարության, դավաճանության: Եվ վերջում մեզ մոտ առաջանում է զայրույթ, ագրեսիա, հաճախ նաև անզորության զգացում:


Բայց Գալշոյանը… Չէ՛, նա չի ողբում, չի գոռում, չի պահանջում: Նրա հերոսը ինչ-որ երևելի ու հռչակավոր մարդ չէ, ամենասովորոակն, հասարակ հայ շինականն է։ Նրա նկարագրած դեպքերը երևակայության արդյունք չեն կամ էլ մի բացառիկ երևույթ, որ հազարից մի անգամ է պատահում։ Նրա նկարագրածը հայ գյուղացու առօրյան է, որ հաճախ անտեսվում է ու արհամարհվում։ Նրա պահանջը մարդու իրավունքն է, բայց ոչ այն իրավունքը, որ գրված է որպես օրենք մի խումբ խելացի մարդկանց կողմից։ Դա այն իրավունքն է, որ մարդուն տրված է ի ծնե, որին տենչում է յուրաքանչյուր մարդ, ընդ որում՝ ոչ գիտակցաբար, այլ ենթագիտակցորեն․․․ Իսկ Գալշոյանն ինքը այդ իրավունքի կրողն է։

No comments:

Post a Comment