16 November 2015

Գեղեցիկը գեղեցկությունից այն կողմ

                                      
                                      Եթե դու կարողանում ես տեսնել գեղեցիկը,
ապա միայն նրա համար,
 որ կրում ես այդ գեղեցիկը քո ներսում: 
Որովհետև աշխարհը նման է հայելու, 
որում յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլումը:
                                                                         Պաուլո Կոելյո



Ամեն քայլափոխի մենք հանդիպում ենք տարբեր երևույթների, և կախված դրանց բնույթից ու մեր սեփական ընկալումներից՝ տարբեր կերպ ենք բնորոշում դրանք։ Հաճախ ասում ենք, որ որևէ մեկը բարի ու անձնազոհ քայլ կատարեց, կամ մի ուրիշի արարքը ստոր էր ու անընդունելի։ Իսկ մի՞թե հնարավոր չէ այս բոլոր երևույթները ընդամենը երկու բառով նկարագրել․ չԷ՞ որ դրանք բոլորն էլ ընդհանուր առմամբ կամ տգեղ են, կամ էլ գեղեցիկ։  
Իսկ ի՞նչ է գեղեցիկն առհասարակ։ Ոմանց համար այն զգեստն է, գույները, բնությունը․․․ Իսկ ոմանց համար էլ․․․  
Եկեք բազմակետը աստիճանաբար բացենք։ 
Եվ եթե մենք առիթը բաց չենք թողնում դժգոհելու ու փնթփնթալու տգեղ երևույթների պատճառով, ապա ինչու՞ գոնե միաժամանակ չանել նաև հակառակը։ Ինչու՞ չնկատել գեղեցիկը, չհիանալ նրանով, չապրեցնել նրան։ Չգիտես ինչու, երբ մենք ակամայից մի որևէ տգեղ երևույթի կամ էլ տհաճ արարքի ենք բախվում, մեզ մոտ միանգամից, ասես ռեֆլեքսորեն, առաջանում է դիմադրելու ու պայքարելու ցանկություն։ Չէ՛, դեմ չեմ․ պայքարենք, բայց ոչ թե տգեղի դեմ, այլ գեղեցիկի համար։ Պետք չէ փորձել վերացնել չարը։ Դա անիմաստ է և շատ հաճախ էլ հակառակ ազդեցությունն է ունենում։ Ընդհակառակը, պետք  է ամեն կերպ շատացնել բարին, կյանքը լցնել գեղեցիկով, և տգեղը ինքը կհեռանա։ 
Եվ եթե դա այդպես է, ապա ինչու՞ հապաղել։ Մի՛ ասեք վաղվանից, որովհետև այդպես դուք կկորցնեք գեղեցիկով ապրելու ամբողջ մի օր։ Ի՞նչ իմանաս՝ վաղը ինչ կլինի, կամ թե վաղը առհասարակ կլինի, թե ոչ։ Պետք է անել դա այսօր, հենց հիմա, և մենք կտեսնենք, թե որքան ավելի գեղեցիկ է վայրկյանը, երբ այն լցնում ես գեղեցիկով: Պետք է անել ամեն ինչ, որ ոչ միայն գեղեցիկը ապրի մեր մեջ, այլ նաև մենք ապրենք գեղեցիկով։ Պետք չէ պահել հրաշքը մեր մեջ ու պարփակել նրան, այլ պետք է թույլ տալ, որ դուրս հորդի ու հասնի բոլորին։ Ամեն ինչ անենք, որ անխափան հոսի կյանքի հրաշք մեղեդին և քայլենք դեպի գեղեցիկը․․․ 

No comments:

Post a Comment