12 March 2015

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ. բանաստեղծության վերլուծություն

Եղիշե Չարենց
Եղիշե Չարենցի «Պատահական անցորդին» բանաստեղծությունը հենց սկզբից ինձ դուր եկավ, որովհետև մարդկային հասարակ, պարզ  հարաբերությունների մասին է:
Այս բանաստեղծությունը մեկ անգամ կարդալուց հետո ստիպված եղա ևս մի քանի անգամ արդալ, որպեսզի փորձեմ վերջնական կարծիք ձևավորել այդ պատահական անցորդի մասին:
Առաջին անգամ այս բանաստեղծությունը կարդալիս ես մտածեցի, որ այդ անցորդը ընկերոջ կերպարն է, իսկ Չարենցի կարծիքով ընկերությունը առաջանում է երկու՝  իրար հետ ոչ մի կապ չունեցող անծանոթների միջև:
Երկրորդ անգամ կարդալուց հետո մտածեցի, որ դա կորած հարազատների մասին է:
Երրորդ անգամ ես եկա վերջնական և ներկայիս կարծիքի, ըստ որի այս բանաստեղծությունը կյանքի ընկերոջ մասին է: Այդ եզրակացությանը ես հասա դիտարկելով երկու հատված:
Մեջբերում եմ առաջին հատվածը.

Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկե՛ ժպիտ մի կրակ։
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք— ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ…:

Այս հատվածում անդարձ ճանապարհը ես կփոխեի «միասին, կյանք» բառերով, որը սիրո խորհրդանիշ է: Անձամբ ես անդարձ ճանապարհ ասելով՝ կյանքն եմ հասկանում:
Աչքերի մեջ ոսկե՛ ժպիտ մի կրակ տեսնելը սիրո ակնարկ է, բացի այդ բանաստեղծության վերջում Չարենցն ասում է, որ անցորդը կմոռանա իրեն, իսկ Չարենցը միշտ կհիշի այդ անցորդին:

Չկայացած ընկերներին չեն հիշում, բայց անպատասխան սիրուն հիշում են միշտ:

Այս բանաստեղծությունը շատ հոգեհարազատ էր իմ սրտին, քանի որ ես ևս հաճախ նկատում և գնահատում եմ այն պատահական անցորդներին, որոնց հետ կուզեի անցնել այս անդարձ ճանապարհը...

2 comments:

  1. Էրիկ ջան, վերլուծությունը հետաքրքիր էր, բայց, թույլ տուր մեկ դիտարկում անել: Դու գրականությունը դիտարկում ես տրամաբանության, վերլուծական մտածողության տեսանկյունից, ամեն ինչ ճիշտ է, իսկ... սի՞րտը, քո սիրտը ի՞նչ զգաց այս կամ այն բանաստեղծությունը կարդալիս: Փորձիր մյուս անգամ լսել ու հաշվի առնել նաև սրտիդ ասածը, լա՞վ: Կսպասեմ:

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալություն խորհրդի համար ընկեր Նունե

      Delete