24 November 2014

Ինչպես թռչուն…

Արդեն առավոտ է, արևի շողերը պատուհանից ընկնում են անկողնուս, զգում եմ արևի ջերմությունը: Արթնանում եմ, նայում  պատուհանից դուրս. կապույտ երկինք է, չնայած ամբողջ գիշեր անձրևել էր ու տերևներից կախված էին գիշերվա անձրևի կաթիլները: Բացում եմ պատուհանը. զգացի թափառական սառը քամի, որ իր հետ տանում էր մի թռչնի: Քամին տարուբերելով կամաց-կամաց թռչնին մոտեցրեց ինձ: Ես ձեռքերս մոտեցրի, թռչունը ընկավ  ուղիղ ձեռքերիս մեջ: Նրա թևը վիրավոր էր  և նա շատ սառն էր, նրան ներս բերեցի, դրեցի անկողնուս և սկսեցի մտածել….

Տարօրինակ է նույնիսկ այս հասարակ թռչունը, որ ոչնչով առավել չէ մարդուց, կարողանում է թռչել, իսկ մարդիկ… Ինչ լավ կլիներ եթե ես էլ կարողանայի թռչել: Թռչելով կհասնեի երկինք… հետաքրքիր է ի՞նչ է վերևում…պատկերացնում եմ ինչքա՞ն բան է հասցրել տեսնել այս թռչունը:………Երանի ես էլ կարողանայի թռչել: Հանկարծ թռչունը սկսեց շարժվել, ես որոշեցի բուժել նրան: Անցան օրեր, նրա թևն արդեն առողջ էր, բայց վնասվածքը՝ լուրջ, և միգուցե նա էլ չկարողանար թռչել:
Ամեն առավոտ  ես արթնանում էի,  նայում էի նրան, նա պատուհանից նայում էր և անհասկանալի տխուր ձայներ հանում: Կարելի էր ենթադրել, որ ուզում էր էլի թռչել, միգուցե այնտեղ հեռվում նա նույնպես ընտանիք ունի…
Էլի օրեր անցան…. Ոչինչ չէր փոխվում, նա էլի նույնն էր, նույն լուրջ վնասվածքով:
Մի  ուշ գիշեր էր, թռչունը էլի նայում էր պատուհանից դուրս, ես եկա բացեցի պատուհանը և զգացի այդ սառը քամին, թռչունը մոտեցավ ուզում էր թռչել, բայց ես թույլ չտվեցի: Արդեն գիշերվա երկուսն էր, թռչունը նայում էր դուրս, ես պառկեցի քնելու և քնեցի:
Թռչունը մոտեցավ ինձ և փորձում էր քնից հանել, և ինչ-որ բան էր ցանկանում բացատրել, ինձ ուղեկցում էր պատուհանի մոտ: Նա կարծես ուզում էր, որ երկուսով թռչենք: Ես բացեցի պատուհանը, կանգնեցի նրա շեմին, թռչունն եկավ ինձ հետ: Ուզում էի թռչել նրա հետ, բայց ինձ ինչ-որ բան չէր թողնում, կարծես վախենում էի, բայց ոչ թե բարձրությունից,  այլ ընկնելուց: Ես գիտեի, որ կյանքը ֆիլմերի և հեքիաթների նման չէ, ես չեմ կարողանա թռչել, դա անհնար է, բայց միևնույնն է՝ շատ էի ցանկանում:
Քամին ավելի սառեց ու ուժեղացավ, ինձ կարծես առաջ էր տանում, ուզում էր, որ ես թռնեմ, բայց…..
Հանկարծ ոտքս սայթաքեց, և ես ընկա: Ես կարծես թռչում էի, ինչպես թռչուն, կյանքիս ամենագեղեցիկ վարկյաններն էին, կարճ էին, բայց աննկարագրելի: Այդ պահին թվում էր, երբ հասնեմ գետնի ծայրին վեր կթռչեմ, և ինձ ոչինչ չի լինի, և ես մի պահ հավատացի դրան: Ես թռչում էի, ավելի ճիշտ ընկնում, զգում էի ինձ իսկական թռչնի պես, մինչև երևաց գետնի ծայրը և….., երևաց մի ուժեղ լույս, ես թռա, թռա վեր, չէի կարողանում հավատալ, որ դա հնարավոր է, բայց դա այդպես էր:
Այդ երջանիկ պահը երկար չտևեց: Քիչ հետո ես հասկացա որ այն լույսը երբ ես տեսա ընկնելուց դա մահն էր… իմ մահը, և երբ ես վեր թռա արդեն դրախտում էի…
Լավ կլիներ, եթե չհասկանայի, որ դրախտում էի, մտածեի, թե դա իրականություն է, իմանայի որ կյանքը լի է հրաշքներով,  որոնցից մեկը կատարվում է ինձ հետ, բայց ոչ, կյանքում  ամեն ինչ չի լինում մեր ցանկացածով: Չէ որ եթե սառը քամին չլիներ, թռչունը չէր ընկնի ձեռքերիս, եթե ես չուզեի չէի բուժի նրան, և վերջապես, ես գիտեի, որ եթե կանգնեմ պատուհանի շեմին քամին ինձ կարող է տանել,  երբ ես սայթաքեցի  կարող էի փորձել բռնվել և չընկնել, բայց չարեցի, որովհետև չէի ուզում: Նույնիսկ երբ վեր թռա, ես գիտեի, որ դրախտում էի, բայց չէի ուզում դրան հավատալ: Եվ ի վերջո, եթե իմ կյանքում չհայտնվեր այդ փոքրիկ թռչունը, ես հիմա ողջ կլինեի, չնայած… միգուց է ճիշտը դա էր:
Միգուցե ես հենց սկզբից էլ գիտեի, որ այդպես է լինելու, բայց թռա, թեկուզ ինձ մի վարկյան թռչուն զգալու համար, իսկ եթե ոչ…,չնայած դա էլ կարևոր չէ… չէ որ ես էլ չկամ:


Հեղինակ՝ Անի Ջանոյան

No comments:

Post a Comment